հիմնական կայք
Լրահոս

Հայաստանն աշխարհին ցույց տվեց փոփոխությունների հասնելու խաղաղ ուղին․ «Ամերիկայի ձայն»

Հայաստանն աշխարհին ցույց տվեց փոփոխությունների հասնելու խաղաղ ուղին․ «Ամերիկայի ձայն» «Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց տվեց երկրում խաղաղ ճանապարհով փոփոխությունների հասնելու ուղին», - նշեց ԱՄՆ-ի կոնգրեսական Աննա Էշուն Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայազգի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։


Տեղեկանալով, որ հայազգի ուսանողների հետ իր մոտ հանդիպմանը եկել է նաև եգիպտոսցի ուսանող, կոնգրեսականը հիշատակեց բռնություններով ուղեկցվող «արաբական զարթոնքն» ու այլ երկրներում տեղի ունեցած հեղափոխությունները:

«Համեմատեք դա Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների, այն իրական «թավշյա հեղափոխության» հետ, որը կատարվեց երիտասարդների օգնությամբ»:

Կոնգերսականը նշեց, որ հայ ժողովուրդը բավարար կամք և իմաստություն ունեցավ 2018-ի գարնանն արյունալի իրադարձություններից խուսափելու համար.

«Ես բոլորովին էլ զարմացած չեմ: Ինձ համար զարմանալի չէ, որ «թավշյա հեղափոխությունը» տեղի ունեցավ: Զարմանալի չէ նաև, որ այն խաղաղ էր, և անշուշտ զարմանալի չէ, որ դրա շարժիչ ուժը երիտասարդներն էին, քանի որ երիտասարդներն ունեն ավելի պարզ տեսլական և ի տարբերություն ավելի տարեցների, կաշկանդված չեն: Պետք է ասեմ, որ ապագայի նկատմամբ երիտասարդների այդ պարզ տեսլականն ինձ համար միշտ ոգեշնչման աղբյուր է հանդիսացել»:

Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի՝ խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված կոռուպցիայի հաղթահարում, ժողովրդավարության ամրապնդում և կանանց ու տղամարդկանց իրական հավասարությունը: Այնուամենայնիվ, Աննա Էշուն, ով Հայաստանում էր «թավշյա հեղափոխությունից» մեկ տարի առաջ, կասկած չունի՝ Հայաստանի քաղաքացիներին կհաջողվի ավարտին հասցնել սկսած գործը.

«Հայ ժողովուրդը շատ խելացի է ու հավատացած եմ՝ նրանք այդ փոփոխությունները կիրականացնեն և կանայք նույնքան տեղ կունենան երկրի կյանքում, որքան տղամարդիկ»:

Երիտասարդներն իրենց հերթին հետաքրքրվեցին՝ ինչպես է Աննա Էշուին հաջողվել քաղաքականության մեջ հաջողության հասնել Միացյալ Նահանգներում՝ լինելով ցեղասպանությունից փրկված հայի և ասորի ներգաղթյալների դուստր: Կոնգրեսականի խոսքով, հաջողության բանալին փոփոխությունների հանդեպ բաց լինելու և խելամիտ ռիսկն ընդունելու մեջ է.

«Սեփական փորձից կարող եմ ասել՝ երբեմն այդ նորն ընդունելը շատ դժվար է, սակայն, պետք է ընդունել փոփոխությունները և առաջ շարժվել»:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք