հիմնական կայք
Լրահոս

Իրավիճակ է փոխվել․ «դարդից ծխելու» կարիք այլևս չկա․ «Առավոտ»

Իրավիճակ է փոխվել․ «դարդից ծխելու» կարիք այլևս չկա․ «Առավոտ» «Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ծխելու դեմ պայքարի մասին օրինագիծը նոր չէ՝ այն շրջանառության մեջ էր դրվել դեռևս հեղափոխությունից առաջ: Հիշո՞ւմ եք, թե ինչպիսին էր հասարակության, այդ թվում՝ ֆեյսբուքահայության արձագանքը: «Էս ժողովրդին ի՞նչ աշխատավարձ եք տալիս, որ հիմա էլ վրեն 800 հազար տուգանք եք դնում»: «Մարդիկ դարդից են ծխում, հենց որ սերժենք գնան, միանգամից կթարգեն»: «Հը՞, Լևոն Ալթունյան, հերթական գրանտն ես ստացել, ուզում ես ուտե՞ս»: Հիմա, ինչպես հայտնի է, իրավիճակ է փոխվել: «Դարդից ծխելու» կարիք այլևս չկա, որովհետև ներկայումս դարդ չկա՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Աշխատավարձի մասով վստահ չեմ, որ ինչ-որ էական բան է փոխվել, բայց ընդհանուր առմամբ մարդկանց մեջ ապագայի նկատմամբ հավատ է առաջացել, հետևաբար, կարծում եմ, կարգազանց քաղաքացիները սիրով կմուծեն տուգանքը:


Մի խոսքով, բուռն բացասական արձագանքներ չկան, և դա հրաշալի է: Մնում է օրենքն ընդունել և առաջարկվող խստացումները կյանքի կոչել: Այստեղ, իհարկե, հարցեր են առաջանում: Նախ՝ ծխողները կսկսեն խոսել իրենց իրավունքների մասին և պահանջել, որ սրճարաններն ու ռեստորանները բաժանվեն ծխողների և չծխողների սրահների: Բայց նախ՝ դա շատ դեպքերում տեխնիկապես դժվար է, «օբյեկտներից» շատերը երկու՝ իրարից մեկուսացված սրահներ չունեն: Երկրորդ՝ «օբյեկտների» սեփականատերերը, միևնույն է, նստեցնում են ծխող հաճախորդներին «չծխող» դահլիճներում, եթե ծխողների մոտ տեղ չկա՝ հո դուրս չեն անի մարդկանց՝ հաճախորդ կորցնելով: Այնպես որ՝ եթե արգելել, ապա, այո, արգելել ամբողջությամբ, բոլոր հանրային փակ տարածքներում:

Բայց առավել մեծ խնդիր է առաջանում օրենքի կիրառման ոլորտում: Պատկերացնենք տարբեր իրավիճակներ.

1/ Հաճախորդը ծխում է, սեփականատերը նրան նկատողություն է անում, տեղի է ունենում վեճ, հնարավոր է՝ բախում: Ո՞վ պետք է դուրս անի փրփրած հաճախորդին՝ սրճարանի, ռեստորանի անվտանգության աշխատակիցնե՞րը (եթե կան), թե՞ բոլոր նման դեպքերում պետք է ոստիկանություն կանչվի:

2/ Հաճախորդը ծխում է, և բոլորը դա հանդուրժում են՝ «մենք հո գործ տվող չենք»:

3/ Հաճախորդը ծխում է, մյուս հաճախորդն ահազանգում է, «օբյեկտի» վարչակազմը ոչ մի ձևով չի արձագանքում: Ի՞նչ պետք է անի բողոքող հաճախորդը՝ դիմի՞ ոստիկանություն, թե՞ թողնի գնա:

Այնպես որ, օրենքը ողջունելի է, հանրային փակ տարածքներում ծխելը վնաս էր թե՛ նախորդ հանցավոր ռեժիմի, թե՛ ներկա հեղափոխական ռեժիմի ժամանակ: Պարզապես պետք է օրենքում ամրագրված լինեն իրագործման մեխանիզմները: Թե չէ ավելի լավ է ընդհանրապես օրենք չունենալ, քան ունենալ միայն թղթի վրա»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք