211652_close_icon
views-count3113 դիտում article-date 15:38 07-02-2019

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելով Մակրոնը կատարել է իր խոստումը. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Թուրքիայի արձագանքին՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմանը: ԱԳՆ-ի ամենօրյա ճեպազրույցում հարց է հնչել. «Արդյոք Թուրքիան պատասխանել է Ֆրանսիային՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու նախագահ Մակրոնի որոշումից հետո»: Արտաքին քաղաքական գերատեսչությունից պատասխանել են, որ հիշատակի օրվա հիմնադրմամբ նախագահ Մակրոնը կատարել է իր հայտնի խոստումը՝ հարգանքի տուրք մատուցելով Ֆրանսիայի հայ քաղաքացիների նախնիներին: «Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել Թուրքիայի իշխանությունների հետ այս հարցի շուրջ տեսակետների փոխանակման: Նրանք տեղեկացվել են մեր դիրքորոշումներին, ինչպես և մենք տեղյակ ենք, թե ինչպիսի դիրքորոշում ունեն նրանք»,-նշել են Ֆրանսիայի ԱԳՆ-ում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, որը կայացել է փետրվարի 5-ին, ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Մակրոնը նաև նշել էր, որ անձամբ է տեղյակ պահել Էրդողանին իր որոշման մասին: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն արձագանքել էր՝ Մակրոնին մեղադրելով քաղաքական նպատակներով պատմական իրադարձությունները գործիք դարձնելու մեջ: Ընթրիքին Մակրոնը նաև հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:

Նմանատիպ նյութեր