հիմնական կայք
Լրահոս

Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Ճանաչված երգիչ Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր՝ «Բաց թող ինձ» երգի տեսահոլովակը: Այն արդեն իսկ հասանելի է Youtube սոցիալական ցանցում: Տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, երգի երաժշտության հեղինակը Վահագ Ռաշն է, բառերն էլ հեղինակել է Տաթև Ոսկանյանը:


Վահագ Ռաշը փաստում է՝ երգը ստեղծվել է 2018 թվականի մայիսին, տեսահոլովակն էլ նկարահանվել է նախորդ տարվա սեպտեմբերին: Կատարվել են ինքնատիպ մոնտաժային աշխատանքներ, և հանրությանն է ներկայացվել արդյունքը:

«Բաց թող ինձ» երգի տեսահոլովակի միտքը Սերժ Գաբյանինն է: Տեսահոլովակում արծարծվում է ազատության գաղափարը, ասել է, թե՝ յուրաքանչյուրն ազատության կարիք ունի: Մարդ էակն անգամ ինքն իրեն կապանքներից ազատելու ցանկություն է ունենում: Եվ այդ ազատության յուրատեսակ գաղափարը պատկերված է ինտերակտիվ արկղի միջոցով:

Վահագ Ռաշը փաստում է՝ իրեն շատ դուր է եկել տեսահոլովակի մտահղացումը, որը, վստահաբար, կհետաքրքրի նաև իր երկրպագուներին:

Տարվա ընթացքում երգիչը կներկայացնի նաև արդեն իսկ սիրված դարձած «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգի տեսահոլովակը: Այն հիմնականում անիմացիոն հոլովակ է լինելու: Ի դեպ, նշենք, որ համանուն երգը 323 000-ից ավելի դիտում ունի երգչի Youtube-ի պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ երգիչ Վահագ Ռաշը (Վահագն Ռուշանյան) ծնվել է 1982թ.,Արթիկ քաղաքում: 12 տարեկանից հաճախել է տեղի Դ. Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի կիթառի բաժին: Երաժշտական կարիերան սկսել է «Աշնան քամի» որը նաև ունեցավ տեսահոլովակ: Երգեր ունի, որոնք գրվել են Կապուտիկյանի, Չարենցի, Մեծարենցի, Շիրազի, Սահյանի, Տերյանի, Սևակի և այլոց բառերի հիման վրա:

2011թ. Եվա Սուջյանի հետ համատեղ ներկայացրել է «Ադանա» ժողովրդական երգի ռոքային մշակումը, որի տեսահոլովակի պրեմիերան կայացել է ապրիլի 24-ին: Երգչուհի Սոնա Ռուբենյանի հետ համատեղ ներկայացրել են երկու՝ «Համբույրի մը մեջ» և «Պար պսակի» երգերը: Նաև մշակել և յուրովի է ներկայացրել սովետական տարիներին Ալեքսեյ Հեքիմյանի կողմից գրված «Բանվոր տղա» երգը, որի բառերը փոփոխելուց հետո երգը դարձավ զինվորի մասին և կոչվեց «Զինվոր տղա»: Վերջերս յուրովի ներկայացրել է Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» ռոմանսն, իսկ նախորդ տարվա սեպտերմբերին հանրության դատին հանձնեց իր առաջին ռուսերեն հեղինակային երգը, որի խոսքերը ռուս հայտնի բանաստեղծ Իննոկենտի Անենսկունն են: Երգը կոչվում է «Աշնանային ռոմանս»:

Նաև ներկայացրել է Ջիվանու «Քանքարավոր ընկեր» երգի ռոքային տարբերակը և Ալին Գոյանի հետ համատեղ մշակել է Կոմիտասի «Մարալ ջան» երգը ու ներկայացել զուգերգի տեսքով: Իր բենդի հետ համերգներով հանդես է եկել Երևանում, ՀՀ բոլոր մարզերում և Արցախում և աշխարհի շատ երկրներում:

Առաջիկա պլաններում ունի 4 նոր երգ, որոնք կներկայացնի 2019-ի ընթացքում, ինչպես նաև կներկայանա երկու նոր տեսահոլովակով:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք