211652_close_icon
views-count4723 դիտում article-date 18:55 17-01-2019

Հայաստանում ընթացիկ տարում սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է մոտ 700 քաղաքացի

2019 թվականի հունվարի 1-ից սուր շնչառական վարակներով հոսպիտալացված անձանց 96 տոկոսը մինչև 4 տարեկան երեխաներ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ ընթացիկ տարում հոսպիտալացվել է 700 մարդ: «Ստացիոնար բուժում ստացող անձանց 21 տոկոսի մոտ թոքաբորբ է ախտորոշվել: Ես խորհուրդ կտամ ծնողներին սուր շնչառական վարակի չնչին նշանների առկայությամբ երեխաներին մանկապարտեզ և դպրոց չուղարկել, ինչը կօգնի կանխել վիրուսի տարածումը: Պետք չէ հակաբիոտիկներ ընդունել մինչև ախտորոշման հաստատվելը: Գրեթե բոլոր բակտերիաներն ու վիրուսներն «ապրում են մեզ հետ», բայց որպես հիվանդություն չեն դրսևորվում: Սառը եղանակին մարդու մոտ իմունիտետի անկում կարող է նկատվել և ընտանիքներում, որտեղ հիվանդ անձանց հետ շփում չի եղել, կարող են գրանցվել սուր շնչառական վարակները»,- ընդգծեց նա: Բժշկի խոսքով՝ 2019 թվականին սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաներով հիվանդացության ցուցանիշը 1,5 անգամ ցածր է, քան նախորդ 2018 և 2017 թվականներին: Ոսկանյանը շեշտեց, որ սուր շնչառական վարակների դեպքում բարդությունների զարգացման ռիսկի խմբի մեջ մտնում են նաև թոքերի օբստրուկտիվ քրոնիկական հիվանդությամբ մարդիկ: «Այդ հիվանդությամբ մարդկանց մոտ սուր շնչառական վարակների բարդ ընթացքի դեպքում կարող է ծանր շնչառական համախտանիշ առաջանալ: Գրիպից մահացությունը պայմանավորված է ծանր շնչառական համախտանիշի զարգացմամբ, երբ բորբոքային պրոցեսը սկսվում է շնչառական համակարգից, մազանոթների և անոթային համակարգի մակարդակում: Ծանր շնչառական համախտանիշը զարգանում է նաև H1N1-ի դեպքում, հենց դրա պատճառով էլ այս վիրուսը կրողների շրջանում հաճախ գրանցվում են մահվան դեպքեր»,- ասաց ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբանը:

Նմանատիպ նյութեր