211652_close_icon
views-count2284 դիտում article-date 14:35 17-01-2019

Գրիպի դեմ պատվաստվել ցանկացողների թիվը Հայաստանում ավելացել է

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հորդորներից հետո գրիպի դեմ պատվաստվողների թիվն աճել է: Նոյեմբերից սկսած գործընթացը մեծ թափ է առել, և հունվարի 17-ի դրությամբ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններում մոտավորապես 42 000 պատվաստում է իրականացվել: Այս մասին «[url=https://armenpress.am/arm/news/961087.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն և իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: «Առողջապահության նախարարությունը պատվաստանյութերը ձեռք է բերել ռիսկի խմբերի համար, որոնք են հղի կանայք, երեխաները, առողջական խնդիրներ ունեցող անձինք, տարեցները, բուժաշխատողները և այլք»,-ասաց նա: Խոսելով սուր շնչառական վարակների մասին` Սահակյանն ընդգծեց, որ դրանք բազմաթիվ են, բայց պատվաստանյութը պաշտպանում է գրիպի ենթատեսակներից, որոնք կարող են ճակատագրական լինել և անբարեհաջող ելք ունենալ: Անդրադառնալով «Տամիֆլյու» դեղամիջոցին, որը վերջին շրջանում մեծ պահանջարկ ունի, Սահակյանը հիշեցրեց, որ այն բուժական միջոց է, որը տրամադրվում է այն մարդկանց, որոնք արդեն հիվանդ են, հոսպիտալացվել են և անհրաժեշտ է թեթևացնել նրանց վիճակը: ««Տամիֆլյուն» տրամադրվել է բոլոր ստացիոնար կլինիկաներին, որպեսզի հարկ եղած դեպքում կազմակերպվի հիվանդների բուժական միջամտությունը: Շեշտեմ, որ այն կանխարգելիչ նպատակով չի բաշխվում, անվճար տրվում է ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդներին, իսկ ռիսկի խմբերը, որոնց մասին խոսեցի, պատվաստվում են գրիպի դեմ»,-եզրափակեց Գայանե Սահակյանը: Հանրապետությունում սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) հիվանդացությունն աճման միտում ունի: Դիմելիության ակտիվություն դիտվում է թե՛ պոլիկլինիկական, թե՛ ստացիոնար կազմակերպություններում: Հունվարի 14-ի դրությամբ՝ պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառական վարակներով 1080 հիվանդ, ստացիոնարներում բուժում է ստանում 837 քաղաքացի, որոնց 95%-ը երեխաներ են: Նախարարության մասնագետները շարունակում են իրականացնել մանկական նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում շնչառական վարակներով հիվանդ երեխաների նկատմամբ հսկողությունը՝ «համաճարակաբանական ֆիլտրը»: Հունվարի 14-ին 499 երեխայի մոտ դիտվել է ՍՇՎ և վերջիններս տուն են ուղարկվել: Հայաստանում մահացած երկու անձի մոտ հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը:

Նմանատիպ նյութեր