211652_close_icon
views-count6678 դիտում article-date 19:53 12-01-2019

Սամվել Կարապետյան. Վահագնը իր զինվորներին նահանջի հրաման է տվել, իսկ ինքը շարունակել դիրքը պահել

Ազգագրագետ Սամվել Կարապետյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/photo.php?fbid=1002282929956704&set=a.274207392764265&type=3&theater]էջում[/url] գրել է. «Քարվաճառի շրջանի ազատագրումից և Բաշլիբել գյուղում թուրք հրոսակների վերջին հենակետի վնասազերծումից երկու շաբաթ անց պատմական հուշարձանների ուսումնասիրության նպատակով եղբորս` Վահագնի հետ արդեն շրջանում էինք: Հակառակ մերոնց աննախադեպ հաղթանակների առաջ բերած համընդհանուր ոգևորությանը օդը լցված էր իշխանությունների ամենաբարձր մակարդակներից հնչող վհատեցնող հայտարարություններով առ այն, որ շատ շուտով ազատագրված շրջանը պետք է վերադարձվեր թշնամուն: Դժվար էր կանխորոշել, թե ինչ էր լինելու օր կամ շաբաթ անց, ուստի գոնե ինձ մնում էր անել հնարավոր ամեն ինչ` ավելի մեծ թվով հայկական հուշարձաններ գտնելու, դրանք լուսանկարել-չափագրելու: Չէ որ շրջանը, հետ` թուրքին վերադարձնելու պարագայում նախ և առաջ և հատկապես մշակույթով էինք հատուցելու, կատաղաց թուրքն իր վրեժը մեր հիշատակներից պիտի առներ: Այս առումով բռնածս գործը քիչ նմանում էր Առաջին աշխարհամարտի ժամանակ Նիկողայոս Մառի կազմակերպած արտահերթ արշավախմբի գործունեությանը, որ առաջացող զորքի հետևից հասավ Վան և այն ժամանակ, երբ զորքը ճակատում պատերազմում էր ինքը Վանում հասցրեց շատ կարևոր ուսումնասիրություններ իրականացնել: Ոչ ոք չէր կարող ասել, թե ինչ էր մեզ սպասում, ուստի գոնե ինձ մնում էր առավելագույնս օգտվել ընձեռված բացառիկ հնարավորությունից: Հենց այս նպատակով և մտահոգությամբ առաջին երկշաբաթյա ճամփորդությանը հաշված օրեր անց հետևեց երկրորդ ճամփորդությունը, ապա` երրորդը և այդպես շարունակ: Երրորդ ճամփորդությունս սկիզբ առավ 93-ի հուլիսի 31-ին: Այս անգամ ինձ ընկերակցում էր Հայկ եղբայրս: Օգոստոսի 2-ին օրվա մեծ մասն անց կացրինք Հանդաբերդում և գրեթե ավարտին հասցրինք բերդի հատակագծի և պարսպապատի մեկ ճակատի չափագրումը և օրվա վերջին իջանք Չափնիի ուղղությամբ: Այստեղ մեր հրետանավորներն էին: Ծանոթացանք հրամանատար Վահագն Հակոբյանի հետ, որ հենց սկզբից տպավորեց իր մարդկային որակներով. համեստ, բարեկիրթ, խիստ, սակայն նույն ժամանակ ցածրախոս: Ծանոթացանք նաև կամբատ Մանվել Աղոյանի հետ: Մեզ առաջարկվեց գիշերն անց կացնել զորամասում` իրենց հետ: Ուրախությամբ համաձայնեցի, մանավանդ, որ դեռ հաջորդ մեկ-երկու օրերը հենց Չափնիի մերձակայքում պիտի աշխատեինք: Գիշերը տագնապ եղավ: Լուր ստացանք այն մասին, թե թուրքերը Մռավի կողմից գրոհում են: Քիչ անց մի լուր էլ, թե մարտերն ընթանում էին Յանշաղ գյուղի մատույցներում: Մեր հրետանավորները հաուբից թնդանոթից երեք արկ ուղարկեցին թշնամու դիրքերի ուղղությամբ: Եվս հինգն էլ լուսադեմին, երբ իմացանք, որ մարտերը շարունակվել էին ամբողջ գիշեր և այդ ընթացքում մերոնք թուրքերին մինչև վերջ հետ էին շպրտել: Որոշվեց, որ կրկին զորամասում գիշերենք: Օգոստոսի երեքն ամբողջությամբ անց կացրինք Չափնիի վանական համալիրում և նրա շուրջ տարածված խաչքարաշատ գերեզմանոցում, իսկ հաջորդ օրը Վահագն ու Մանվելը մեզ առաջնորդեցին Փոքր Լև կամ Թաքյաղայա կոչված հին գյուղատեղիում պահպանված միջնադարյան եկեղեցին, որի մուտքի առջև եղբայրս մեզ երեքիս լուսանկարեց: Հրաժեշտին` Վահագնը, թե` ես տանը ճիշտ քո ոտքերի չափին հարմար մի զույգ զինվորական կոշիկ ունեմ, մոտ մի ամսից մի կարճ արձակուրդով Երևանում եմ լինելու, ինձ հեռախոսիդ համարը տուր, հանդիպենք` փոխանցեմ: Չէր մոռացել և սեպտեմբերին զանգեց և «Բարեկամություն» մետրոյի մոտ կոշիկներն ինձ փոխանցեց: -Գործդ կարևոր է, իսկ սրանք քեզ բավականին երկար կծառայեն, ասաց ու զինվորական կոշիկներն ինձ նվիրեց: Անսահման զգացված էի Վահագնի ուշադրությունից, նրա հոգատար և պարտաճանաչ վերաբերմունքից, որ իհարկե նկատել ու ծանոթ էի դեռ զորամասում, հրամանատարության ներքո գտնվող զինվորների հետ վերաբերմունքից: Դա մեր երկրորդ և ընդամենը մի քանի րոպե տևած հանդիպումն էր: Միայն մի քանի նախադասություն փոխանակեցինք. Շնորհակալության անօրինակ զգացումով ստացա նվերս, նաև իմացա, որ Վահագնը մի մանկահասակ դուստր ուներ, ում կարոտից շատ էր նեղվում, սակայն ընդամենը օրեր անց ստիպված էր զորամաս վերադառնալ: Ես շարունակում էի դեպի ազատագրված շրջաններ իրարահաջորդ արշավներս ու այդ ընթացքում վայելում հարմարավետ նվերս: 93-ի դեկտեմբերի 31-ին թուրքերը շրջանը վերագրավելու մի հուժկու փորձ ևս արեցին և այս անգամ ճակատը ճեղքելով հաջողեցին հասնել գրեթե մինչև Տրտուի (Թարթառ) ափը: Իհարկե մեր զինված ուժերն արդեն փետրվարին կարողացան թուրքերին անգամ ևս հետ շպրտել և վերատիրանալ Մռավի գագաթնամերձ բարձրունքներին տեղակայված մեր դիրքերին, սակայն դա իրականացվեց մեր լույս եղբայրներից և զավակներից շատերի կյանքերի գնով: Նրանց մեջ էր և կապիտան Վահագն Հակոբյանը, ում անհետ կորելու, բայց իրականում նահատակության մասին զինակից ընկերներն ավելի ուշ պատմեցին, որ հունվարի 18-ին Գորտագարակ (Ղանլըգյոլ) լճից մոտ 3-4 հարյուր մետր հյուսիս թեժ և անհավասար մարտի պահին Վահագնը իր զինվորներին նահանջի հրաման է տվել, իսկ ինքը շարունակել` դիրքը պահել… Ոսոխի դեմ ծառացած ու կյանքը սրբազան Հայրենիքին նվեր մատուցած հայի ազնվագույն տեսակ Վահագն Հակոբյանն արդեն 25 տարի անմահացել է: Մե՛նք, որ շատերի թվում նաև Վահագնի զոհաբերության շնորհիվ ենք ապրում, պարտք ունենք ձգտելու արժանի լինել նրա ու իր նմանների հիշատակին: Ցմահ խոնարումս… Հիշատակի այս հակիրճ խոսքիս կցում եմ Վահագնի հետ իմ ունեցած այն միակ լուսանկարը, որ կատարվեց 1993 թ. օգոստոսի 4-ին Փոքր Լևի եկեղեցու առջև (կենտրոնում` Վահագն Հակոբյանը, աջ կողմում` կամբատ Մանվել Աղոյանը)»:

Նմանատիպ նյութեր