211652_close_icon
views-count2401 դիտում article-date 19:20 11-01-2019

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները սկսեցին պատրաստվել

Նոր մրցաշրջանը Հայաստանի ազատ ըմբշամարտի մեծահասակների / գլխավոր մարզիչ` Հաբեթնակ Կուրղինյան / և երիտասարդական / ավագ մարզիչ` Ավետիք Վարդանյան / հավաքականների համար սկսվեց Ծաղկաձորում ` հունվարի 7 –ին: Բարենպաստ եղանակը լավ տրամադրություն է ստեղծում և աստիճանաբար ծանրաբեռնված բացօթյա վարժանքները նպաստել են կլիմայավարժեցման փուլի հաղթահարմանը: Դրան զուգահեռ, ավելի քան 40 մարզիկներ համատեղ պարապմունքներով աստիճանաբար բարելավում են իրենց ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը: Ուսումնամարզական հավաքի ղեկավարները առավել նպատակային են համարում դահուկավազքը: Ազատ ոճայինները հաճույքով են սահում, հաղթահարում վերելքներն ու վայրէջքները, բարելավում դիմացկունության որակները: Նրանք արդեն բավականին վստահ են զգում դահուկների վրա և օրավուր հաղթահարում, անցնում են երկար տարածություններ: Մարզիչները թիմերին ուղեկցում են նաև մարզոցներով հագեցած ֆիզպատրաստականության մարզադահլիճ: Մասնագետներն առայժմ մրցագորգերից և փորձնական գոտեմարտերից հեռու են պահում սաներին, որպեսզի նրանք կարոտեն ըմբշամարտին: Ամեն ինչ կատարվում է երկանգամյա պարապմունքները նպատակին ծառայեցնելու համար: Հունվարի 20 –ին ըմբիշները կվերադառնան Երևան և տեղում կշարունակեն աշխատանքները: Առաջին ստուգատեսը գլխավոր թիմի համար Թեհրանում փետրվարի 7 –ին մեկնարկելիք «Թախտիի գավաթ» անվանումով միջազգային ավանդական մրցաշարն է: Ավարտից հետո հնարավոր է, որ մեր պատվիրակները տեղացիների հետ համատեղ մարզումներ անցկացնեն: Նախապես կազմված ծրագրով ամեն բան արվում է, որպեսզի Հայաստանի գլխավոր ընտրանին լավ մասնակցություն ունենա Բուխարեստում ապրիլի 8-14-ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում: Հավանաբար մարզիչները թիմը համալրեն երիտասարդական մրցումներում հաջողությունների հասած մարզիկներով: Հուսալի են Վաղինակ Մաթևոսյանը / 57 կգ /, Արսեն Հարությունյանը / 61 կգ /, Վազգեն Թևանյանը / 65 կգ / և էլի մի քանիսը:

Նմանատիպ նյութեր