211652_close_icon
views-count88073 դիտում article-date 16:05 11-01-2019

Լիբանանի և Հայաստանի 39-ամյա քաղաքացի, բիզնեսմենի կյանքին վտանգ է սպառնում. բանկերի տնօրենները սպանության սպառնալիքներ են հնչեցնում. նա ակնկալում է Հայաստանի իշխանությունների օժանդակությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 11-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Դրո Հաջի Մանուկյանն ասում էր. «Լիբանանում ունեմ բիզնեսներ, ընկերություն, որն զբաղվում է արծաթյա զարդերի, հագուստի և հուշանվերների մեծածախ առևտրով։ Ունեմ «Պասկանուշ» խանութների ցանց, որը խանութներ ունի Լիբանանի տարբեր քաղաքներում, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Լաս Վեգաս քաղաքում։ Այդ խանութներում իրականացվում է արծաթյա զարդերի, հագուստի և հուշանվերների մանրածախ առևտուր։ Իսկ ընկերություններից մեկն էլ կատարում է ոսկյա և ադամանդյա զարդերի արտադրություն»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Դրո Հաջի Մանուկյանի ընկերությունների գործունությունը տեսնելով՝ բանկերից մեկի տնօրենը կապ է հաստատում նրա հետ և առաջարկում, որպեսզի նա իրենց բանկում հաշիվ բացի և այլ բանկերից իր ընկերությունների հաշիվները տեղափոխի այդ բանկ։ ու եթե անշարժ գույք գրավ դնի, ինքը Դրո Հաջի Մանուկյանին ցածր տոկոսադրույքով 6-7 մլն ԱՄՆ դոլարի վարկ կտրամադրի, ինչը հնարավորություն կտա «Պասկանուշ» խանութների ցանցին օնլայն խանութ բացել։ Դրո Հաջի Մանուկյանը ծրագիր է ներկայացրել, որտեղ ներառվել է նաև Հայաստանում մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Բանկի հետ պայմանավորվածության համաձայն՝ Դրո Հաջի Մանուկյանը իր ծանոթներից տարաժամկետ վճարելու պայմանով ձեռք է բերում անշարժ գույք՝ մոտ 18 բնակարան, դրանից հետո բանկի տարբեր ճյուղերի 3 տնօրենները խաբում են Դրո Հաջի Մանուկյանին՝ տալով 600 հազար ԱՄՆ դոլարի վարկ, գրավ տալով միայն 3 բնակարան։ Իսկ մնացած մասի տրամադրումը տարբեր պատճառաբանություններով ձգձգում են։ Դրո Հաջի Մանուկյանը տարաժամկետ վճարումով գնված բնակարանների տերերի վճարումները կատարելու համար հարկադրված շրջանառությունից հանում է իր ոսկեղենը և վաճառված ոսկեղենի գումարն ուղղում է պարտքերի մարմանը՝ հույսով, որ վարկը կտրամադրվի։ 10 ամիս հետո բանկի տնօրենները նրան հրավիրում են իրենց մոտ, որտեղ էլ ներկա են լինում բանկի 2 հին հաճախորդներ, ու ասում են, թե վարկի մնացած գումարը չեն տրամադրելու, իսկ եթե նա ցանկանում է, այդ անձանցից կարող է մի քանի անգամ ավելի բարձր տոկոսով գումար վերցնել։ Դրո Հաջի Մանուկյանը, տեսնելով, որ ինքը խաբված է, դիմում է այլ բանկերի, որպեսզի գրավի դիմաց վարկավորեն, ովքեր համաձայնություն տվեցին, սակայն այդ նույն 3 տնօրենների միջամտությամբ այդ բանկերն էլ հրաժարվեցին տրամադրել նախօրոք պայմանավորված վարկը։ Այլ ելք չունենալով՝ Դրո Հաջի Մանուկյանը դիմում է Լիբանանի իրավապահներին և նրանց դեմ դատական գործ է բացվում։ Նա նաև իրեն հասցված վնասները փոխհատուցելու պահանջով առանձին հայց է ներկայացնում։ Այդ պայմաններում նրանք Դրո Հաջի Մանուկյանից խաբեությամբ վերցված չեկերն են օգտագործում՝ այն դեպքում, երբ դատարանն արգելել է դա անել, ինչի համար ոստիկանությունը ձերբակալում է Դրո Հաջի Մանուկյանին, սակայն հետագայում պարզում են, որ նրա նկատմամբ կատարվել է կեղծիք, և նա մեղավոր չէ, բաց են թողնում։ Իսկ տնօրենների վրա հերթական գործն է բացվել։ Որոշ ժամանակ այդ տնօրեններից մեկն աշխատանքից հեռացվել է, իսկ մյուսների պաշտոնավարումը մնացել է, սակայն նրանց պաշտոններն իջեցվել են։ Այս ամենից հետո այդ տնօրեն կոչեցյալները չեն հաշտվում այն մտքի հետ, որ Դրո Հաջի Մանուկյանը պայքարում է իր՝ օրինական իրավունքների պաշտպանության համար ու սկսել են նրա ու ընտանիքի անդամների նկատմամբ բացահայտ սպառնալիքներ տալ. վախեցնում են, հետապնդում և փորձում ամեն գնով հասնել իրենց ուզածին, իսկ իրենց ուզածն այն է, որ Դրո Հաջի Մանուկյանը, իրենց լեզվով ասած՝ «յան տա իրենցից»։ Դրո Հաջի Մանուկյանը հարկադրված արդեն 5 ամիս է՝ հեռացել է Լիբանանից և 3 ամիս է՝ գտնվում է Հայաստանում և չի կարողանում վերադառնալ Լիբանան, քանի որ սպառնալիքները նրա ու նրա ընտանիքի հասցեին շարունակվում են, իսկ նրա՝ Լիբանանում չլինելու պատճառով տուժում է նաև բիզնեսը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Դրո Հաջի Մանուկյանի շահերը Հայաստանում պաշտպանում են «Մեժլումյան և Պետրոսյան» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Կարեն Մեժլումյանն ու Ինեսա Պետրոսյանը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Դրո Հաջի Մանուկյանը Հայաստանի կառավարությանը տեղեկացնում է, որ ինքը և իր ընտանիքի անդամները՝ կինն ու 2 անչափահաս աղջիկները, ակնկալում են, որպեսզի Հայաստանի իշխանություններն աջակցեն ու սատար կանգնեն իրեն և պաշտպանեն վաշխառությամբ սպառնալիքներ և խարդախություններ կատարած, Լիբանանում գտնվող այդ 3 տնօրեններից։ Ավելի մանրամասն՝ փաստաբան Կ. Մեժլումյանի և Դ. Հ. Մանուկյանի հետ հարցազրույցում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր