211652_close_icon
views-count18674 դիտում article-date 10:47 10-01-2019

Չեմ ուզում Քոչարյանին «փոխհատուցում» վճարել իմ երկրի պետական բյուջեից․ Արամ Աբրահամյան․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Որևէ երկրի պատմության մեջ չի եղել որևէ ժամանակահատված, որի մասին հնարավոր է ասել միայն լավը կամ միայն վատը: Նույն սկզբունքը գործում է նաև ցանկացած ղեկավարի դեպքում՝ Հիտլերն ու Ստալինը ներառյալ: Կարո՞ղ է, օրինակ, հայ պետական գործիչը լինել ստալինյան հատուկ «տրոյկայի» անդամ (դա մի մարմին էր, որը գնդակահարության վճիռներ էր կայացնում արտադատարանական եղանակով) և, մյուս կողմից՝ մեծ ջանքեր թափել «Սասնա ծռեր» էպոսը հանրայնացնելու կամ Մատենադարանի շենք կառուցելու համար: Այդպիսի հակասական կերպար էր Խորհրդային Հայաստանի ղեկավարներից մեկը՝ Գեորգի Արութինովը: Ռոբերտ Քոչարյանն այդ առումով բացառություն չէ՝ նրա ղեկավարության օրոք եղել է և՛ լույս, և՛ ստվեր: Իր հուշագրության մեջ նա զբաղված է ինքնագովեստով (այդպես են վարվում գրեթե բոլոր մեմուարիստները)` մեզ համոզելով, որ մենք 10 տարի ապրել ենք կատարյալ տնտեսական դրախտի պայմաններում: Քոչարյանի ընդդիմախոսները նույն՝ 1998-2008 թվականների ժամանակահատվածում տեսնում են միայն մղձավանջ՝ հայտնի պաշտոնյաների չբացահայտված սպանություններ, «Ա1+»-ի եթերազրկում, «Պոպլավոկի» սպանություն, Հոկտեմբերի 27, Մարտի 1: Թե քննադատության և թե գովերգման մեջ կա ռացիոնալ հատիկ, և մի քանի տասնամյակ հետո, հնարավոր է, պատմաբաններն այդ ամենին կտան անաչառ գնահատական: Քոչարյանը, բնականաբար, պետք է պատասխանատվություն կրի իր օրոք տեղի ունեցած վատ բաների համար, և կարևոր է, որ դա տեղի ունենա ոչ թե մի քանի տասնամյակից, այլ հենց հիմա: Բայց իրադարձությունները վերլուծելիս ամեն ինչ պետք է դիտարկել համակարգի մեջ: Վերցնենք թեկուզ «Պոպլավոկի» դեպքը. երկրորդ նախագահի թիկնապահը ծեծելով մարդ է սպանել սխալ բարևելու համար, և Քոչարյանը նրան ազատել է պատասխանատվությունից: Իսկ 1990-ականներին երկրապահները մարդկանց փողոցներում անպատիժ չէի՞ն ծեծում: Իսկ հիմա խորհրդարանական կուսակցություններից մեկի ղեկավարը մարդ ծեծելու մեջ մեղադրվող իր թիկնապահին անձեռնմխելի չի՞ դարձրել՝ ԱԺ պատգամավոր «կարգելով»: Արդյոք մենք կարո՞ղ ենք ասել, որ համակարգը փոխվել է: Առայժմ, կարծում եմ, նման լավատեսական եզրակացության համար հիմք չկա: Այժմ Քոչարյանը կկանգնի դատարանի առաջ, և, իմ տպավորությամբ, նրան հասնում է ազատազրկում: Բայց ես ունեմ հետևյալ մտավախությունը. քննությունն ըստ ամենայնի վատ է իրականացվել, երկրորդ նախագահը վարձել է Հայաստանի լավագույն փաստաբաններին, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի խորանա քաղաքական կամ բարոյական նրբությունների մեջ: Իսկ ես, որպես հարկատու, չեմ ուզում Քոչարյանին «փոխհատուցում» վճարել իմ երկրի պետական բյուջեից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր