211652_close_icon
views-count1686 դիտում article-date 20:08 06-12-2018

Եղոյանը հերքում է Լուկաշենկոյին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել

Պաշտոնական Երևանը հերքում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը։ Լուկաշենկոն այս մասին հայտնել է ռուսական լրատվամիջոցներին՝ ԵԱՏՄ տնտեսական խորհրդի նիստից հետո։ Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/957200.html]Արմենպրես[/url]»-ը՝ վկայակոչելով «Sputnik Արմենիա»-ն, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել։ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ դեռ։ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,– ասել է նա։ Դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսեսուսով: «Հայաստանը ոչ մեկին խնդրանքով ու առաջարկությամբ չի դիմել, մենք ասել ենք, որ ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում, և մենք հետևողականորեն շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի հարցի շուրջ: Ես բազմիցս ասել եմ, որ գլխավոր քարտուղարի հարցը ամենակարևոր հարցը չէ, շատ ավելի լուրջ հարցեր են քննարկվում այդ համատեքստում, և ամենակարևոր հարցը ՀԱՊԿ-ի էֆեկտիվության և կազմակերպության անդամ երկրների ունեցած փոխադարձ պարտավորությունների, այդ պարտավորությունների կատարման մեխանիզմների, անդամ երկրների պարտավորությունների հարցը կազմակերպության, երկրների առաջ եղած հարցն է: Գլխավոր քարտուղարի կարգավիճակը առանցքային չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը: Հարցին, թե Լուկաշենկոյից պարզաբանում պահանջելո՞ւ է, Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ հանդիպելու դեպքում անպայման քննարկվելու են առաջացած հարցերը:

Նմանատիպ նյութեր