4654 դիտում
19:15 11-10-2018
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մասնակցել են «Ազնավուր» կենտրոնի նախագծի ներկայացմանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիջիտ Մակրոնի հետ Երևանում՝ «Շառլ Ազնավուր» կեցավայրում այսօր մասնակցել են «Ազնավուր» կենտրոնի նախագծի ներկայացման արարողությանը:
Մեծանուն շանսոնյեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ով նաև «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիրն է, և տնօրեն Քրիստինա Սարգսյանը ներկայացրել են «Ազնավուր» կենտրոնի նպատակներն ու գործունեության ուղղությունները: Նշվել է, որ կենտրոնում կգործի ինտերակտիվ թանգարան՝ նվիրված Շառլ Ազնավուրի կյանքին և անցած ուղուն, ինչպես նաև կդասավանդվի կինո, երաժշտություն և ֆրանսերեն։
Երկու նախագահները՝ տիկնանց և հիմնադրամի ղեկավարների հետ շրջայց են կատարել կենտրոնի տարածքում, որն իր դռները կբացի շենքի ամբողջական վերակառուցումից հետո:
Այնուհետև նախագահներ Արմեն Սարգսյանը և էմանուել Մակրոնը հանդես են եկել ելույթներով: Իր խոսքում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է.
«Ազնավուրը 100 տոկոսով ֆրանսիացի էր, 100 տոկոսով՝ հայ, և 100 տոկոսով աշխարհինն էր՝ աշխարհի քաղաքացի:
Սիրելի՛ Նիկոլա,
Իմ, տիկնոջս, ընտանիքիս և ողջ հայ ժողովրդի անունից կրկին խորին ցավակցություն եմ հայտնում այս մեծ կորստի համար: Քո հայրը՝ մեծ պոետը, ժամանակին փիլիսոփայորեն ասել է, որ կյանքը շատ պարզ է. կա ծնունդ և կա մահ, ու դրանց միջև կյանքն է:
Սակայն թույլ տվեք ասել, որ Ազնավուրի նման մեծ պոետի, երաժշտի, արտիստի պարագայում կա մի բան, որը վեր է այդ ամենից՝ երկրորդ կյանք մահվանից հետո: Նրա երկրորդ կյանքն սկսվեց մի քանի օր առաջ:
Ֆրանսիայի նախագահի և նրա տիկնոջ մեծ հյուրընկալությամբ կազմակերպվել էր քո հոր հիշատակի գեղեցիկ արարողությունը: Դա մեծ ազնվության, հպարտության ու մարդասիրության արարողություն էր: Հենց այդպիսին էր քո հայրը:
Եւս մեկ անգամ շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ, այն ամենի համար, ինչ արեցիք Դուք, Ձեր տիկինը և Ֆրանսիայի ժողովուրդը՝ ցույց տալով Ազնավուրի հանդեպ մեծ սերն ու գնահատանքը:
Իսկապես, նրա երկրորդ կյանքն սկսվեց, և այդ կյանքը շարունակվելու է մինչև անվերջություն: Նրա երկրորդ կյանքը հավերժ է լինելու:
Մենք այսօր պատմական պահ ենք ապրում՝ նայելով ապագայի «Ազնավուր» կենտրոնին, Նիկոլայի ապագա տանը, Ֆրանսիայի ապագա տանը: Վստահ եմ, որ այս տունը կդառնա հիանալի կենտրոն՝ Հայաստանում ու դրա սահմաններից դուրս ֆրանսերեն խոսքը, ֆրանսիական մշակույթը տարածելու համար»:
Նախագահ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահին առաջարկել է մեկտեղել ջանքերը և Ֆրանսիայում ու Հայաստանում բարեգործական համերգներ կազմակերպել ի հիշատակ Ազնավուրի: Նախագահը պատրաստակամություն է հայտնել անել հնարավորինս՝ այդ գաղափարն իրականություն դարձնելու համար՝ նշելով, որ հանգանակված գումարը կծառայի «Ազնավուր» հիմնադրամի նպատակներին:
Նմանատիպ նյութեր
3694 դիտում
17:06 01-06-2017
Շնորհակալ եմ շռայլ նվիրաբերության համար. «Ազնավուր» հիմնադրամը կշարունակի գործունեությունը․ Շառլ Ազնավուր
4912 դիտում
18:32 20-12-2017
Արայիկ Հարությունյանը մասնակցել է ոռոգման համակարգերի կիրառումը խթանող պետական ծրագրերի ներկայացմանը
Այս բաժնից
391 դիտում
23:01 28-03-2024
Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն
538 դիտում
22:47 28-03-2024
Սուրեն Պապիկյանը ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան
376 դիտում
22:34 28-03-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ