211652_close_icon
views-count807 դիտում article-date 14:48 17-12-2018

Համաներմամբ պատժի կրումից ազատ է արձակվել ավելի քան 550 դատապարտյալ

Հայաստանում ի նշանավորում Առաջին Հանրապետության 100-ամյակին և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակին դեկտեմբերի 17-ի դրությամբ իրականացվել է քրեական համաներում ավելի քան 550 դատապարտյալի նկատմամբ: Արդարադատության նախարարության 2018 թվականի մայիս-նոյեմբեր ամիսների աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: «Այս պահի դրությամբ համաներմամբ պատժի կրումից ազատ է արձակվել ավելի քան 550 դատապարտյալ: Պրոբացիայի ծառայությունում համաներում կիրառվել է ավելի 1000 շահառուի նկատմամբ»,- ասաց Զեյնալյանը: Ըստ նախարարի` արդարադատության նախարարության առաջին անգամ իրականացվել է վարչական համաներում: «108 հազարից ավել անձանց նկատմամբ կիրառվել է վարչական համաներում, կարճվել է կատարողական ավելի քան 1 միլիոն 260 հազար վարույթ»,- եզրափակեց նա: Ըստ նախարարի` այս պահի դրությամբ շուրջ անձ 240 պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել դատարանների որոշումների համաձայն: «Սա կազմում է ներկայացված միջնորդությունների ավելի քան 1/3-ը: Կան քրեակատարողական հիմնարկներ, որոնց դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման համար ներկայացված միջնորդությունների 2/3-ը բավարարվել է: Նաև ներկայացվել է միջնորդություններ ցմահ դատապարտված անձնանց պայմանական վաղաժամկետ ազատման նպատակով, որից մեկը բավարարվել է և Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ցմահ դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել»,- եզրափակեց Զեյնալյանը:

Նմանատիպ նյութեր