211652_close_icon
views-count3821 դիտում article-date 14:00 17-12-2018

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է իրեն դիմած զինծառայողների բաց նամակին

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքել է մի խումբ զինծառայողների կողմից իրեն ուղղված բաց նամակին, որում զինծառայողները մտահոգություն էին հայտնել իրենց ծառայակից ընկերոջ ընտանեկան դժբախտության վերաբերյալ: Զինծառայողները նամակում գրել էին, որ իրենց ծառայակից ընկերոջ մայրը՝ Հասմիկ Սարգսյանը, հանրությանը հայտնի է դարձել որպես հանուն իր երեխաների գողություն կատարած կին։ «Այժմ նրան սպառնում է 5 տարի ազատազրկում։ Առանց խորանալու գործի իրավական կողմի մանրամասների մեջ՝ պարզապես մեր կարծիքն ենք արտահայտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մենք անգամ չենք պատկերացնում, որ մեկ ամսից զորացրվող մեր ընկերը կարող է գնալ տուն ու չտեսնել տանը ոչ իր մորը, ոչ էլ անչափահաս քույրերին։ Ավելին՝ նա կարող է անգամ վերադառնալու տուն էլ չունենալ, քանի որ ընտանիքը չունի սեփական բնակարան, վարձով են ապրում, և մոր կալանավորվելուց հետո այդ տնից երեխաներին դուրս կհանեն, քանի որ չկա որևէ մեկը, ով կհոգա տան վարձի ծախսերը»,- ասված է նամակում: Վարչապետին դիմած զինծառայողները խնդրել են ներում շնորհել իրենց ծառայակցի մորը, բարեգթություն ու մարդասիրություն դրսևորել: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/nikol.pashinyan/posts/2215416182112098?__tn__=-R]էջում[/url] գրառում է կատարել, որում անդրադարձել է զինծառայողների բաց նամակին: «Հանձնարարել եմ տեղեկանք պատրաստել տիկին Սարգսյանին մեղսագրվող արարքի վերաբերյալ եւ ստացել եմ ներքոշարադրյալ տեղեկությունները: Այս պահին տիկին Սարգսյանը ազատության մեջ է, քանի որ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանի վարույթում: Քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա, վարչապետը չի կարող միջամտել: Սպասենք Վճռաբեկի որոշմանը եւ հետո որոշենք: Բարի ծառայություն, սիրելի զինվորներ»,- գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ հրապարակելով նաև Հասմիկ Սարգսյանին մեղսագրվող արարքի վերաբերյալ տեղեկությունները, որը ներկայացնում ենք ստորև. «1. 2015 թվականի սեպտեմբեր - Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքին տիրանալու նպատակով գաղտնի հափշտակել է գումար, պանիր, պահածո: Պատիժ է սահմանվել ազատազրկում 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով: 2016 թվականի հունվար - Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ապօրինի մուտք գործելով Գ. Գ.-ի բնակարան, հյուրասենյակի պահարանից գաղտնի հափշտակել է զգալի չափով գումար: Պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Սահմանել փորձաշրջան` 5 (հինգ) տարի ժամկետով: Այսինքն՝ այս անգամ էլ ազատազրկում չի կիրառվել: Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017 թվականի հուլիսի 4-ին` ժամը 15-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Մարիետա Հովհաննիսյանի բնակարան և դրամապանակից հափշտակել առկա 2 հատ 5000 դրամ անվանական արժեքի ՀՀ թղթադրամ` Մարիետա Հովհաննիսյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ 26 հունիսի 2018թ. Ո Ր Ո Շ Ե Ց Հասմիկ Սլավիկի Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտել ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով` դատավճիռների համակցությամբ, նշանակված պատժին մասնակիորեն գումարել` 01.12.2015 թվականի դատավճռով նշանակված ու ամբաստանյալի կողմից չկրած 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկում պատժից 1 (մեկ) տարին, 29.04.2016 թվականի դատավճռով նշանակված ու ամբաստանյալի կողմից չկրած 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկում պատժից 1 (մեկ) տարին, և ամբաստանյալ Հ.Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, որպիսի պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում` պատժի կրման սկիզբը հաշվելով վերջինիս փաստացի արգելանքի վերցնելու պահից: Ամբաստանյալ Հ.Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, պահպանել` մինչև սույն որոշման օրինական ուժի մեջ մտնելը: Որոշումը բողոքարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարան: Վճռաբեկը գործը ընդունել է վարույթ»:

Նմանատիպ նյութեր