211652_close_icon
views-count2373 դիտում article-date 17:48 14-12-2018

«Անչափ հպարտ եմ». գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի խոսքն՝ ուղղված բանակի անձնակազմին

Գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը, որն այսօր ազատվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, խոսք է ուղղել Արցախի բանակի անձնակազմին: Նա, մասնավորապես, ասել է. «Հարգելի զինակիցներ, այսօր ես թողնում եմ Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը: Անչափ հպարտ եմ, որ ծառայել եւ հարկ եղած դեպքում պատրաստակամ եմ լինելու կրկին իմ ծառայությունը բերել այն բանակի շարքերում, որն իր մարտունակությամբ եղել է, կա եւ շարունակելու է մնալ մեր ժողովրդի պաշտպանության եւ անվտանգության գլխավոր երաշխավորը: Ուզում եմ նաեւ հավաստիացնել, որ իմ համար մեծ պատիվ էր տարիներ շարունակ զինակցել բոլոր այն շարքայիններին, սերժանտներին, ենթասպաներին, սպաներին եւ գեներալներին, ովքեր իրենց բարեխիղճ ծառայությամբ օրեցօր ամրապնդել ու հզորացրել են մեր պաշտպանական համակարգը: Լիահույս եմ, որ այսուհետ եւս ձեր յուրաքանչյուրիդ մոտ իշխելու է մեր երկիրն առավել պաշտպանված ու անվտանգ պահելու անկոտրում կամքն ու վճռականությունը: Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող եւ, որ շատ կարեւոր է՝ հայրենյաց պաշտպանի առաքելությանը հավատարիմ: Շնորհակալություն բոլորիդ համատեղ ծառայության համար»: Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ դեկտեմբերի 14–ին, ՊԲ շտաբում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Պաշտպանության բանակի հրամկազմին է ներկայացրել նոր հրամանատարին՝ գեներալ–մայոր Կարեն Աբրահամյանին, որը մեկ տարի առաջ նշանակվել էր ՊԲ գլխավոր շտաբի պետի պաշտոնում, իսկ մինչև այդ ՀՀ ԶՈՒ 5–րդ բանակային կորպուսի հրամանատարն էր։ Հիշեցնենք՝ Լևոն Մնացականյանը ՊԲ հրամանատարի պաշտոնում ծառայում էր 2015 թվականից։ Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով ՊԲ գլխավոր շտաբի պետ է նշանակվել Ջալալ Հարությունյանը։

Նմանատիպ նյութեր