211652_close_icon
views-count1749 դիտում article-date 18:07 03-12-2018

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ընդգրկված է Ավստրալիայի խորհրդարանի քննարկումներում

Դեկտեմբերի 3-ին Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունենալու Ցեղասպանության կանխարգելման ու դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի հռչակագրի ընդունման 70-ամյակին նվիրված քննարկում, որի շրջանակում խոսվելու է նաև Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի պաշտոնակայն կայքը՝ մանրամասնելով, որ փաստաթղթում հստակ նշվում է, որ դարասկզբին հայ ժողովրդի հետ կատարվածն անհերքելիորեն կապված է «ցեղասպանություն» եզրույթի ստեղծման հետ: Փաստաթուղթը հարգանքի տուրք է մատուցում ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի հռչակագրի հեղինակ Ռաֆայել Լեմկինին՝ ընդգծելով, որ «հենց Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստն են դարձել այն գործոնները, որոնք դրդել են զանգվածային սպանությունների այդ տեսակին իրավական սահմանում տալ»: «Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցում հռչակագրի հեղինակ-նախաձեռնող, փաստաբան Ռաֆայել Լեմկինի հիշատակին: Նա «ցեղասպանություն» եզրույթը ստեղծել է Առաջին աշխարհամարտի ընթացքում հայերի և Երկրորդ աշխարհամարտի ընթացքում հրեաների կանոնավոր բնաջնջումների պատմություններն ուսումնասիրելուց հետո»,-ասվում է փաստաթղթում: Հայտնի է, որ փաստաթուղթը պալատում ներկայացրել է հայկական արմատներ ունեցող օրենսդիր Թիմ Ուիլսոնը: Այն Ներկայացուցիչների պալատին կոչ է անում գիտակցել, որ բոլոր երկրները, այդ թվում՝ Ավստրալիան, պետք է ճանաչեն կատարված ցեղասպանությունները, ինչն անհրաժեշտ է ապագայում դրանք կանխելու համար: Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը պատմել է, որ փաստաթուղթը քվեարկության չի դրվի, այլ միայն կքննարկվի: Մեծամասնության կարծիքը կարտացոլի Ներկայացուցիչների պալատի դիրքորոշումն այս հարցի շուրջ: «Եթե քննարկումը հաջող ելք ունենա, կնշանակի, որ Ներկայացուցիչների պալատը հերքում է բառախաղն ու հստակ սահմանում «ցեղասպանություն» եզրույթը, դրանով բնորոշում հայերի հետ կատարվածը»,-եզրափակել է Կայսերյանը:

Նմանատիպ նյութեր