211652_close_icon
views-count2679 դիտում article-date 18:26 29-11-2018

«Այն պայմանները, որում մարզվում են մեր երեխաները, մեղմ ասած, ընդունելի չեն». փոխքաղաքապետն այցելել է Ազարյանի անվան մարզադպրոց

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն այցելել է «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ: Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, մարզադպրոցի տնօրեն Ալբերտ Ազարյանի ուղեկցությամբ Տիգրան Վիրաբյանը շրջել է մարզական օջախում, ծանոթացել գործունեությանն ու մարզիկների և մարզիչների համար ստեղծված պայմաններին: 54 տարվա պատմություն ունեցող մարզադպրոցը երբեք հիմնանորոգման չի ենթարկվել: Այսօր ավելի քան 300 մարզիկ է հաճախում դպրոց: «Խնդիրները բազմազան են, բազմաշերտ են, երկար տարիների կուտակված խնդիրներ են, որոնք մենք հիմա պիտի կարողանանք փուլ առ փուլ, ըստ առաջնահերթությունների լուծում տալ: Մենք էլ ենք գիտակցում, որ այս սպորտաձևը շատ կարևոր է, և այն պայմանները, որում այսօր մարզվում են մեր երեխաները, մեղմ ասած, ընդունելի չեն»,- նկատել է Տիգրան Վիրաբյանը: Փոխքաղաքապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն առանձնակի է կարևորում 20-րդ դարի լավագույն հայ մարզիկի խորհուրդներն ու առաջարկները: «Առաջին մարզական հաստատությունն է, որ այցելում ենք և բնական է, որ առաջինը պետք է լինեինք հենց այս մարզադպրոցում: Մենակ այն պատմությունը, որ կերտել է Ալբերտ Ազարյանը հայկական սպորտում, մեզ տեղիք է տալիս մտածելու, որ ցանկացած աշխատանք ճիշտ ուղու վրա դնելու համար պիտի լսենք նրա խորհուրդներն ու հետևենք օրինակին»,- ասել է փոխքաղաքապետը: «Մարզադպրոցի հանդեպ ցուցաբերվող ուշադրությունը ոգևորիչ է ու սպասված»,- իր հերթին նշել է Ալբերտ Ազարյանն ու նկատել, որ խնդիրներն այսօր իսկապես մտահոգվելու տեղիք են տալիս: Չնայած դպրոցում առկա բազմաթիվ խնդիրներին՝ մարզական օջախն այսօր էլ շարունակում է աշխարհում բարձր պահել Հայաստանի մարզական պատիվը. պարբերաբար դպրոցի սաները մրցանակներ են նվաճում միջազգային ամենաբարձր հարթակներում: 2019-ին լրանում է լեգենդար մարզիկի 90-ամյակը: Երևանի քաղաքապետի տեղակալն ակնկալում է, որ հոբելյանական տարում Ազարյանի անվան դպրոցում նկատելի փոփոխություններ տեղի կունենան: «Այն մարդիկ, որոնք հայաստանյան մարզական, մշակութային և մյուս այլ ասպարեզներում ունեն իրենց ուրույն դերակատարումը, պետք է լինեն ուշադրության կենտրոնում: Սա նաև քաղաքապետի հստակ պահանջն ու հանձնարարականն է»,- ընդգծել է Տիգրան Վիրաբյանը:

Նմանատիպ նյութեր