211652_close_icon
views-count1972 դիտում article-date 14:41 22-11-2018

Կառավարության ռազմավարական ուղղվածությունը կենսաբազմազանությունը պահպանելն է. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստում անդրադարձել է բնապահպանության խնդրին։ «Մեր կառավարության նպատակաուղղվածությունը և ռազմավարական ուղղվածությունը Հայաստանի կենսաբազմազանությունը պահպանելը և զարգացնելն է, և մենք առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ, բնապահպանական հարցերով լինելու ենք նախանձախնդիր»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք չեն ասում, թե հանքարդյունաբերություն Հայաստանում չպետք է լինի, այլ ասում են, որ պետք է այն իրականացվի միջազգային ամենաբարձր ստանդարտներով և հետևողական քայլեր են ձեռնարկելու այդպիսի ստանդարտներ հաստատելու համար: «Եթե, օրինակ, միջոցներ է ձեռնարկվում, որ սիգի որսը ձվադրման սեզոնում սահմանափակվի կամ անտառների պաշտպանվածության մակարդակը բարձրանա, ում համար ենք անում, մե՞նք ենք գնալու որսանք…Նույն տարածաշրջանի մարդիկ են որսալու: Ինչ-որ արվում է, առաջնահերթ այդ տարածաշրջանում ապրող մարդկանց շահերից է ելնում, մենք ուղիղ պետք է նայենք մեր հայրենակիցներին և երկխոսենք, որ այդ ընկալումն ունենան»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքացիներին պետք է ցույց տալ, որ անտառ չկտրելով ավելի շատ կարող են օգուտ ստանալ, քան կտրելով: Նա հայտնեց, որ քաղաքացիներին 55 հազար խմ վառելափայտ է տրամադրվել՝ առանց անտառին վնասելու: Վարչապետի պաշտոնակատարի համոզմամբ՝ եթե ճիշտ կազմակերպվի մեր երկրի կենսաբազմազանությունը, տասնյակ անգամ ավելի օգուտ կբերենք:

Նմանատիպ նյութեր