211652_close_icon
views-count1410 դիտում article-date 13:36 22-11-2018

Կառավարությունը մերժեց ԲԴԽ-ին վերաբերող Ռուստամ Մախմուդյանի նախաձեռնությունը

ՀՀ կառավարությունն այսօրվա՝ նոյեմբերի 22-ի նիստում, մերժեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում էր փոփոխություն կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ներկայացնելով նախաձեռնությունը, նշեց, որ դրանով առաջարկվում է Վճռաբեկ դատարանի նախագահի, Վճռաբեկ դատարանի դատավորի՝ ԱԺ կողմից չընտրվելու, ինչպես նաեւ ԱԺ կողմից ՀՀ նախագահի առաջարկությունն ընդունելու դեպքում քվեարկությունից հետո «Դատական օրենսգրքով» սահմանված ժամկետում թափուր մնացած պաշտոնի համար ԲԴԽ կողմից Վճռաբեկ դատարանի նոր թեկնածու ներկայացնելու վերաբերյալ կարգավորում: ՀՀ կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագծով լրացվող գործող սահմանադրական օրենքի հոդվածները թողնել անփոփոխ: Որպես նման դիրքորոշոման հիմնավորւմ նշվում է հետեւյալը. «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 133-135-րդ հոդվածներով ամրագրված դրույթներով կարգավորվում է Վճռաբեկ դատարանի նախագահի եւ դատավորների լիազորությունների ժամկետի ավարտմամբ կամ այլ հիմքով այդ պաշտոնները թափուր մնալու դեպքում ԱԺ դատավորի (նախագահի) թեկնածու ներկայացնելու կարգն ու ժամկետները, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահի, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների Ազգային ժողովի կողմից չընտրվելու, ինչպես նաեւ թեկնածուների վերաբերյալ Հանրապետության նախագահի ներկայացրած առարկությունն ԱԺ կողմից չընդունելու դեպքերում Բարձրագույն դատական խորհրդի կողմից նոր թեկնածու ներկայացնելու կարգին եւ ժամկետներին վերաբերող դրույթներ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում նախատեսված չեն: Հարկ է նշել, որ ՍԴ-ն իր որոշմամբ արտահայտել է հետեւյալ իրավական դիրքորոշումը՝ «Օրենսդրական բացն առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետեւանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական եւ բնականոն իրագործումը»: Ամփոփելով վերոգրյալը՝ նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունման պարագայում կստեղծվի օրենսդրական բաց, քանի որ ներկայացված նախագծով թեկնածուների ներկայացման ժամկետին վերաբերող հարցի կարգավորումը «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքին է վերապահվել այն դեպքում, երբ նշված օրենքում նման դրույթները բացակայում են՝ առկա դրույթները վերաբերում են բացառապես Վճռաբեկ դատարանի նախագահի եւ դատավորների լիազորությունների ժամկետի ավարտմամբ կամ այլհիմքով այդ պաշտոնները թափուր մնալու դեպքում Ազգային ժողով դատավորի (նախագահի) թեկնածու ներկայացնելուն: Ավելին, նշված օրենքով բացակայում է նաեւ այդ հիմքով թեկնածուների ներկայացման կարգը»: Ա. Զեյնալյանը նշեց, որ պատգամավորի կողմից նկատած խնդիրը հիմնավոր է, սակայն այն չի կարող կարգավորվել այս օրենքով:

Նմանատիպ նյութեր