211652_close_icon
views-count653 դիտում article-date 14:15 22-11-2018

Բնապահպանության ոլորտում Հայաստանը կստանա խոշոր դրամաշնորհ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագրի 23 մլն 208 հազար եվրոյի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ այս դրամաշնորհը բնապահպանության ոլորտում Հայաստանին հատկացված ամենախոշոր դրամաշնորհն է, և դրանում ներառված չէ վարկային որևէ կոմպոնենտ: «Ծրագրի տևողությունը նախատեսվում է 8 տարի, կապահովի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը»,-ասաց նախարարի պաշտոնակատարը։ Դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների և բնական հուշարձանների բարելավում ու կառավարում, անտառների կայուն կառավարում, անտառային լանդշաֆտը և անտառները վերականգնելու միջոցառումներ, ընտրված հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումներ, էկոզբոսաշրջությունը խթանելու միջոցառումներ, խորհրդատվական ծառայություններ։ Հաշվի առնելով Կովկասի տարածաշրջանի, այդ թվում Հայաստանի յուրահատուկ և հարուստ կենսաբազմազանությունը՝ որպես ծրագրի իրականացման վայր կընտրվեն կենսաբազմազանությամբ հարուստ տարածքները։ Թիրախային տարածքներն աշխարհագրորեն սահմանափակված չեն, ծրագիրը հնարավոր է իրականացնել Հայաստանի Հանրապետության ցանկացած վայրում:

Նմանատիպ նյութեր