211652_close_icon
views-count2200 դիտում article-date 13:23 22-11-2018

Արթուր Ջավադյանն ուղերձ է հղել Դրամի ներդրման 25-ամյակի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ուղերձ է հղել Դրամի ներդրման 25-ամյակի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի՝ Դրամի ներդրման 25-ամյակի կապակցությամբ: Քսանհինգ տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ մտավ հայկական դրամը: Այսօր բոլորիս համար է հպարտության օր. քաջ գիտակցում ենք, որ հայկական դրամը ուղղակի վճարամիջոց չէ, այն նաև մեր անկախության և պետականության կարևորագույն խորհրդանիշներից է: Դրամի ներդրումը սկիզբ դրեց անկախ տնտեսական քաղաքականության, նաև՝ Կենտրոնական բանկի անկախ դրամավարկային քաղաքականության գործառույթի հիմնման և իրականացման: Ազգային արժույթն առանցքային դեր ունեցավ նաև Հայաստանի ֆինանսական համակարգի ձևավորման համար: Այս տարիներին ֆինանսական համակարգն անցավ և՛ ձևավորման, և՛ մաքրման, և՛ կայացման փուլերով: Քսանհինգ տարում, իհարկե, եղել են ցնցումներ, որոնք հիմնականում եկել են արտաքին աշխարհից, բայց բոլոր այդ դեպքերում Հայաստանի ֆինանսական համակարգը, որի ձևավորման հիմքում Հայկական Դրամն է, ցուցաբերել է բարձր ամրություն, համախմբվածություն և պրոֆեսիոնալիզմ: Ֆինանսական համակարգը, առանց որևէ բյուջետային աջակցության, դիմակայելով բոլոր տեսակի մարտահրավերներին պահպանել, և լիահույս եմ, ապագայում ևս կպահպանի այն կայունությունը, որն այսօր չափազանց կարևոր է: Այս տարիներին ստեղծվել և կայացել են նաև բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են ֆինանսական համակարգի կայուն զարգացման և շարունակականության ճանապարհին: Այս տոնական օրը ցանկանում եմ շնորհավորել բոլորիս նաև երրորդ սերնդի թղթադրամների դրամաշրջանառություն մտնելու կապակցությամբ. նոր թղթադրամները տպագրված են ժամանակակից լավագույն պաշտպանական հատկանիշներով և իրենց որակական հատկությունների շնորհիվ շատ ավելի երկար կծառայեն՝ էապես կրճատելով դրամաշրջանառության ապահովման ծախսերը: Հայկական Դրամն ունեցել և այսուհետ էլ ունենալու է ամենաժամանակակից պաշտպանական հատկանիշները: Այսօր լավ առիթ է նաև շնորհավորելու բանկային համակարգի աշխատակիցներին, քանի որ Հայկական Դրամի ներդրման օրը նշվում է նաև որպես բանկային աշխատակցի օր: Ցանկանում եմ շեշտել, որ Կենտրոնական բանկը, ունենալով օրենքով վերապահված անկախության հիմքեր, մշտապես գործել է բարձր պատասխանատվությամբ, թափանցիկ և առավելագույն ջանքերն է ներդրել իր խնդիրների իրագործման ընթացում, որի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում Կենտրոնական բանկի թիմին, նախկին և ներկա աշխատակիցներին: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի օրվա կապակցությամբ»:

Նմանատիպ նյութեր