211652_close_icon
views-count1818 դիտում article-date 13:22 21-11-2018

Առևտրի համաշխարհային կազմակերպությունում ներկայացվել է ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին համաձայնագիրը

Նոյեմբերի 19-ին Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քարտուղարության Տարածաշրջանային առևտրային համաձայնագրերի կոմիտեի լիագումար նիստի շրջանակներում կայացել է «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» համաձայնագրի ներկայացումը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱՀԿ համապատասխան ընթացակարգերի համաձայն՝ փաստաթուղթը, որը ներառում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության և հետանդամակցային զարգացումների վերաբերյալ վերլուծական համապարփակ տեղեկատվություն, մշակվել և համաձայնեցվել է ԱՀԿ քարտուղարության կողմից և շրջանառվել ԱՀԿ անդամ երկրների շրջանակներում: Նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ: Լիագումար նիստին մասնակցել են ԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչները, ԱՀԿ քարտուղարության համապատասխան պաշտոնյաները, ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունները, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցների և մարմինների ներկայացուցիչներ: «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին համաձայնագրի» փաստացի ներկայացման վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Ավագ Ավանեսյանը: Զեկույցի վերաբերյալ ԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչները ելույթներ են ունեցել, ներկայացրել իրենց դիրքորոշումները, կատարել համապատասխան հարցադրումներ, որից հետո կայացել են հանգամանալից քննարկումներ: Նիստի շրջանակներում կայացել են նաև «Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագրի», ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի Հանրապետության անդամակցության մասին համաձայնագրի» վերաբերյալ զեկույցների ներկայացումները:

Նմանատիպ նյութեր