211652_close_icon
views-count1840 դիտում article-date 09:37 21-11-2018

Հայկական վիրտուալ համալսարան, որտեղ հայերեն են սովորում առցանց․ «Ամերիկայի ձայն»

Առցանց կրթության գաղափարը վերջին տասնամյակում լայն տարածում է ստացել: Սիլիկոնի հովտում այս գաղափարն իրագործվել է նաև հայոց լեզու, պատմություն և մշակույթ սովորելու համար՝ Հայկական վիրտուալ համալսարանի միջոցով, պատմում է Ամերիկյան Synopsys խոշոր ընկերության գլխավոր ճարտարապետ և Synopsys-Armenia ընկերության նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը, ով համալսարանի հիմնադիրներից է. «Սա ինձ համար հետաքրքրական էր, քանի որ իմ տեխնոլոգիայի ոլորտի աշխատանքը և իմ ազգային գիծը իրական միավորում էր»: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4666979.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Զորյանի խոսքով, տարիներ առաջ որպես անհատներին առցանց կրթելու գաղափար սկսված Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագիծն այսօր օգնել է ավելի քան 22 հազար անձանց սովորել հայերեն և ծանոթանալ հայոց պատմությանն և մշակույթին: Ունեն նույնիսկ շախմատի դասեր: «Այս անձանց 10 տոկոսը հայեր չեն: Հայերի հետ կապ ունեն ընտանեկան, գործի, հետաքրքրությունների պատճառով: 90 տոկոսը հայեր են՝ 97 երկրներից»: ԱՄՆ-ում հիմնադրված Հայկական վիրտուալ համալսարանն օգնում է հատկապես փոքր հայ համայնքներ ունեցող երկրներում բնակվող հայերին, ովքեր ցանկանում են, որ իրենց երեխաները ծանոթ լինեն հայ մշակույթին. «Մեր նպատակը մեր լեզուն, մշակույթը, պատմությունը տարածելն է այնտեղ, որտեղ այն հասանելի չէ, որտեղ դպրոցներ չկան և միջոցներ չունեն՝ Վենեսուելայից մինչև Հոնկոնգ: Եվ մենք կարող ենք իրենց հասնել ինտերնետի միջոցով»: Այսօր համալսարանն առաջարկում է հայոց լեզվի, ինչպես նաև պատմության և մշակույթի դասընթացներ յոթ լեզուներով՝ արևելահայերենից և արևմտահայերենից մինչև անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն և թուրքերեն: Ամենափոքրերը կարող են դասընթացներին մասնակցել մեծերի հսկողությամբ՝ որպեսզի կարգապահությունը չտուժի, իսկ 16-ից բարձր տարիք ունեցող բոլոր ցանկացողները կարող են ստանալ անհատական դասընթացներ կամ մասնակցել ընդհանուր դասերին՝ առցանց: Արդյունքում, Երվանդ Զորյանի խոսքով, ոչ միայն տարածվում է հայերենը, այլև մարդիկ կարող են ընկերանալ աշխարհի հակառակ կողմում գտնվող համադասարանցիների հետ՝ ստեղծելով լայն ցանց:

Նմանատիպ նյութեր