211652_close_icon
views-count2295 դիտում article-date 09:26 21-11-2018

Հեղափոխությունը հասավ ամենածանր կետին «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսական իրավիճակը և հեռանկարները շարունակում են մնալ թավշյա հեղափոխությունից հետո, այսպես ասած, ամենաբաց հարցերի շարքում: Նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետը գործնականում առաջին անգամ խոսեց այն մասին, որ կան ներդրումային ֆոնի հետ կապված որոշակի մտահոգություններ առաջացնող «տնտեսական» բաղադրիչներ, մասնավորապես՝ հանքարդյունաբերության ոլորտում: Այստեղ, անշուշտ, առաջնայինը Ամուլսարի օդում կախված հարցն է: Մյուս կողմից, սակայն, մենք ինքներս մեզ խաբած կլինենք, եթե մտածենք, որ այդ հարցի լուծումը բերելու է Հայաստանում ներդրումային պատկերի իրական փոփոխության: Միևնույն ժամանակ, այստեղ շատ կարևոր է արձանագրել թերևս, որ այդ պատկերի հարցը ուղիղ կապակցված չէ նաև կառավարության տնտեսական քաղաքականությանը, որի բացակայության մասին խոսվում է շատ: Ի վերջո, իսկ ո՞րն է տնտեսական քաղաքականությունը և ինչպե՞ս պետք է այն արտացոլվի: Խոշոր հաշվով, բուն խնդիրը թերևս կառավարության ընթացիկ կամ միջնաժամկետ քաղաքականությունը չէ: Այդ առումով, մեղմ ասած, անարդարացի կլինի ասել, թե ներկայումս վարվում է որևէ կերպ ավելի պակաս կամ վատ քաղաքականություն, քան երբևէ: Խնդիրը բարեփոխումներն են, և այստեղ բուն հարցն անգամ կառավարության քաղաքականության տիրույթում չէ: Բուն խնդիրն այստեղ այն է, որ տնտեսական բարեփոխումները ինքնին ենթադրում են ոչ պոպուլյար մի շարք որոշումներ, որոնք առնվազն առաջինն են, այսպես ասած, աչք ծակելու: Դա գործնականում աքսիոմատիկ է, որ տնտեսական համակարգային փոփոխություններն ուղղակիորեն պարունակում են հնարավոր կարճաժամկետ անհարմարություններ կամ անսովորություններ հասարակական մի շարք շերտերի համար, իսկ էֆեկտի առումով դրանք պահանջում են ժամանակ: Եվ այստեղ, իհարկե, կա երկու խնդիր՝ ռեֆորմները արագ և անցավ են այն դեպքում, երբ դրանք իրականացվում են տնտեսական բուռն վերելքի վրա, և ռեֆորմները որոշակիորեն խնդրահարույց են հանրային ընկալման առումով, եթե դրանք չունեն փողային հենք և ավելին՝ դրանք կենսական անհրաժեշտություն են տնտեսությունը կանգնած տեղից խթանելու համար: Հայաստանում ավելի շուտ կամ ավելի շատ երկրորդ տարբերակն է: Ընդ որում՝ այստեղ տնտեսական ռեֆորմներ ասվածը հիմնականում դիտարկվում է հարկային դրույքաչափերը բարձրացնելու կամ իջեցնելու կոնտեքստում, մինչդեռ համակարգային տնտեսական ռեֆորմները ունեն բոլորովին այլ տարողություն և ընդգրկում: Օրինակ՝ դրանցից մեկը գույքի ու եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումն է, որի վերաբերյալ մտադրությունների արտահայտումն, օրինակ, նախօրեին իսկական ցունամի էր առաջացրել սոցցանցերում: Մինչդեռ դա մի վկայություն էր, թե համակարգային տնտեսական ռեֆորմներն ինչպիսի բարդ աշխատանք են պահանջելու նախևառաջ հասարակության հետ: Մյուս կողմից՝ այդ աշխատանքից էապես կախված է թավշյա հեղափոխության նոր փուլի սոցիալական բազայի ձևավորումը: Թավշյա հեղափոխությունն իր առաջին փուլում հաջողությունն արձանագրեց հենց այդ սոցիալական բազայի հստակության շնորհիվ: Երկրորդ փուլի հաջողությունները առայժմ կառուցվում են հին բազայի վրա, սակայն կառավարությունից անկախ առաջանում է որոշակի խզում, այսպես ասած, «հին» սոցիալական բազայի և նոր փուլի ու խնդիրների միջև: Գործնականում, Նիկոլ Փաշինյանն իր վերջին շրջանի ելույթներում փորձում է շոշափել հենց այդ հարցը, անգամ սուր բանավեճեր հրահրելու միջոցով, որովհետև խորքային առումով իրավիճակը գալիս է բավականին պատասխանատու մի կետի, որտեղ շատ կարևոր է դառնում մի կողմից, իհարկե, կառավարության պատասխանատվությունը հեղափոխությանն աջակցած հանրության առաջ, մյուս կողմից՝ նաև հարցը, թե հանրությունը որքանով է պատրաստ ստանձնել հեղափոխության համար արդեն սոցիալական պատասխանատվություն՝ երկրորդ փուլն էլ առավելագույնս կայուն անցկացնելու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր