հիմնական կայք
Լրահոս

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի բաց նամակը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին. «Դուք կարող եք անել Ձեր քայլը՝ նվազեցնելով հանրապետությունում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը»

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի բաց նամակը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին. «Դուք կարող եք անել Ձեր քայլը՝ նվազեցնելով հանրապետությունում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը» Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որում նշված է.


«Հարգելի պարոն Փաշինյան, վերջին ամիսներին հանրապետությունում ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, այդ թվում նաև՝ մահվան ելքով:

Երբ ձեր կողմից ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվեց, որպեսզի վարորդների նկատմամբ լինեն ներողամիտ, մտածեցինք, որ տեղի կունենա ճանապարհատրանսպորտային պատահարների նվազում: Սակայն, ցավոք, որոշ վարորդներ ճիշտ չեն հասկացել ձեր բարի մտադրությունը:

Մեծարգո վարչապետի պաշտոնակատար, խորհրդային տարիներին հանրապետությունում գործում էին Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետեր, ժողովրդի լեզվով ասած՝ ԳԱՅ-ի պոստեր:

Նմանատիպ պահակետերին ժողովուրդը անուններ էր կնքել՝ Նորագավիթի ԳԱՅ-ի պոստ, Աշտարակի ԳԱՅ-ի պոստ, Սևանի ԳԱՅ-ի պոստ, Կիրովականի ԳԱՅ-ի պոստ: Եթե դուք ծանոթանաք ԽՍՀՄ տարիների վիճակագրական տվյալներին, կհամոզվեք, որ այդ «պոստերի» գոյությունը մեծ նշանակություն է ունեցել ավտովթարների կանխման և նախականխման գործում: Դրանք շատ վարորդների համար եղել են զսպաշապիկ, քանի որ վարորդները իմանալով, որ այդ «պոստերը» գործում են, և հարբած վարելու դեպքում կարող են բռնվել ճանապարհային ոստիկանի կողմից, նրանք ավտոմեքենան վարում էին սթափ և ոչ արագ:

Վերջին տարիներին, չգիտես ում հրահանգով (իմ տեղեկություններով, ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանի թեթև ձեռքով) վերացվեցին Աշտարակի, Հրազդանի և Նորագավիթի «ԳԱՅ-ի պոստերը»:

Իսկ ԱԽՔ-ի արարքի մոտիվացիան, հարգելի պարոն Փաշինյան, եղել է այն, որ ճանապարհային ոստիկանները երթևեկության կանոնները խախտելու համար փորձել են կանգնեցնել նրա եղբորը և միայն «ԳԱՅ-ի պոստի» մոտ շուրջկալի արդյունքում կարողացել էին կանգնեցնել ավտոմեքենան ու այն տեղափոխել ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ժողովրդի լեզվով ասած, Ա. Բաղդասարյանը՝ «վառված» լինելով ՃՈ աշխատակիցների օրինական գործողություններից, հասավ նրան, որ այդ «պոստերը» փակվեցին: Նա անգամ մեջբերում էր «եվրոպաների» փորձը, մինչդեռ եվրոպական գրեթե բոլոր երկրների ճանապարհներին գործում են ՃՈ անշարժ պահակետեր: Եվ դրանք հագեցված են ժամանակակից լավագույն տեխնոլոգիայով:

Վերջին ամիսներին ողբերգական ավտովթարներ են տեղի ունեցել նաև մի քանի նախկին «ԳԱՅ-ի պոստերի» մոտ: Դրանցից ամենաողբերգականը տեղի ունեցավ ընդամենը օրեր առաջ Նորագավիթում: Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ բախվել էր երկաթե ցանկապատերին, այնուհետև հայտնվել չգործող ՃՈ անշարժ պահակետի մոտ: Պատահարի արդյունքում, ցավոք, արձանագրվեց 4 զոհ: Հավատացած եմ, որ այս վթարը տեղի չէր ունենա, եթե ՃՈ անշարժ պահակետը գործեր:

Բազմաթիվ անգամներ եմ լսել, որ վարորդները մեկը մեկին փոխանցում են ասելով՝ ախպերս, խմած ու արագ չքշեք, քանի որ Սևանի ու Աբովյանի «ԳԱՅ-ի պոստերի» մոտ ԳԱՅ-ին դուրսը կայնած ա: Սա նշանակում է, որ դա նաև կանխարգելիչ և զգուշացնող նշանակություն ունի, մենք այսօր ճանապարհներին «ԳԱՅ-ի պոստերից» ուժեղ զենք չենք ունենա՝ մահացու, ողբերգական դեպքերից խուսափելու համար:

Հարգելի պարոն Փաշինյան, Ձեզ եմ ուզում դիմել խնդրանքով, ու վստահ եմ, որ Դուք կարող եք Արթուր Բաղդասարյանի եփած ճաշը դեն նետել, և մարդկանց կյանքը գնահատող ձեր գործընկերների հետ ուսումնասիրեք իմ բարձրացրած խնդիրը: Ես վստահ եմ՝ Դուք ինձանից պակաս չեք մտածում մարդու կյանքի մասին որպես արժեք և կարճ ժամանակում արդյունավետ քայլեր կձեռնարկեք, ինչպես նաև կհանձնարարեք Ոստիկանությանը, որպեսզի վերականգնեն Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետերի գործունեությունը:

Հավատացեք, որ այդ քայլով Դուք բազմաթիվ կյանքեր եք փրկելու: Ձեր ժամանակը չծանրաբեռնելու համար, այնուամենայնիվ ներկայացնում եմ մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ որոնք տեղի են ունեցել վերջին ամիսներին ժողովրդին հայտնի նախկին «ԳԱՅ-ի պոստերի» մոտ»:


http://shamshyan.com/hy/article/2018/11/06/1109388/

http://shamshyan.com/hy/article/2018/08/24...3WoGiMXN8ZLhU1Q

http://shamshyan.com/hy/article/2017/12/04...6FNI3GEdW9n5sMM

http://shamshyan.com/hy/article/2017/10/01...JmxuAM6qrGhuATs

http://shamshyan.com/hy/article/2018/09/22...Bvqs4i22-XWFxRA

Տեսանյութ











© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք