211652_close_icon
views-count3762 դիտում article-date 18:22 18-10-2018

Արթուր Գևորգյան. Այսօր կհանդիպենք նախարարի հետ՝ առկա խնդիրները քննարկելու համար

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հարգելի Մարզաշխարհի ներկայացուցիչներ (այդ թվում՝ դժգոհող գործընկերներ), և լրագրողներ, Ինչպես գիտեք, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության դիմաց բողոքի ակցիա է իրականացվում ընդդեմ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի և նրա ղեկավարության: Բազմիցս հրապարակային առաջարկել ենք հանդիպել և առկա խնդիրները քննարկել, սակայն մնացել ենք անարձագանք: Քիչ առաջ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի հետ ունեցել եմ հեռախոսազրույց և վերջինս առաջարկել է հանդիպել և քննարկել առկա խնդիրները: Ցանկանում եմ նշել, որ հանդիպումներին և քննարկումներին շատ ենք սպասել և միանշանակ ողջունում ենք նման մոտեցումը: Ավելորդ չեմ համարում նշել, որ հենց Սպորտի նախարարություն և այլ կառույցներ մեր կողմից ներկայացված գրությունները միշտ մնացել են անարձագանք, վերջիններս չեն արձագանքել այդ հանդիպումներին, այնուամենայնիվ, ողջունում եմ նորանշանակ նախարարի նման ողջամիտ քայլը: Այսօր կհանդիպենք նախարարի և դժգոհողների ներկայացուցչի հետ և վերջապես հնարավորություն կունենանք բոլոր խնդիրները քննարկելու և քաղաքակիրթ ճանապարհով լուծելու համար: Գտնում եմ, որ հանդիպումը պետք է լինի հրապարակային և այդ իսկ պատճառով կհրավիրեմ լրագրողի, ով առցանց կտեսաձայնագրի մեր քննարկումը: Նշեմ, որ Ֆեդերացիան հակված է եղել և միշտ հակված է լինելու բոլոր հարցերը լուծել քաղաքակիրթ և իրավական ճանապարհով, այլ ոչ՝ էմոցիոնալ պահանջների և սաբոտաժի միջոցով», նշել է Ա. Գևորգյանը:

Նմանատիպ նյութեր