211652_close_icon
views-count13720 դիտում article-date 18:38 18-10-2018

Երկրապահ կամավորականների միության վարչությունը ցավակցական ուղերձ է հղել Վարազդատ Զատիկյանի մահվան կապակցությամբ

Երկրապահ կամավորականների միության վարչությունը խոր վշտով տեղեկացնում է, որ կյանքի 59-րդ տարում կյանքից հեռացել է Արցախյան ազատամարտի նվիրյալ, ԵԿՄ վարչության անդամ, Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժանմունքի նախագահ Վարազդատ Մյասնիկի Զատիկյանը: Երկրապահական ընտանիքը ցավակցում է Վարազդատի ընտանիքին, հարազատներին, մարտական ընկերներին՝ հարազատի անժամանակ մահվան կապակցությամբ: Կորուստն անդառնալի է, և կորուստը ոչ միայն Զատիկյանների ընտանիքինն է, այլև՝ երկրապահական եռասերունդ ընտանիքինը, ողջ հանրությանը։ Վարազդատն իր կյանքը նվիրել է հայրենիքին։ Իր հերոս եղբոր՝ Վահան Զատիկյանի հետ միասին «Մալաթիա» երկրապահ ջոկատի կազմում մասնակցել է մեր հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին: Պատերազմից հետո ևս բոլոր հնարավորություններով ծառայել է ազգին, հայրենիքին։ Հավատարիմ Երկրապահի իր կոչմանը՝ Վարազդատ Զատիկյանը տարիներ շարունակ ղեկավարել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ԵԿՄ կառույցը, իր հայրենանվեր գործունեությունն իսկական օրինակ է եղել կառույցի պատանի և երիտասարդ երկրապահների համար: Դրա վառ վկայությունն է նաև Վ. Զատիկյանի մասնակցությունը 2016-ի ապրիլյան պատերազմին: Վարազդատ Զատիկյանը սիրված և հարգված անձնավորություն էր: Ողջ երկրապահական ընտանիքն է այսօր սգում նրա անժամանակ մահը: Եվս մեկ անգամ ցավակցելով՝ համբերություն ենք մաղթում Վարազդատ Զատիկյանի ընտանիքին: Վստահ ենք, որ նա իր հայրենասիրությամբ, նվիրվածությամբ, անկոտրում կամքի շնորհիվ պիտի վառ և ուսանելի օրինակ լինի գալիք սերունդների համար: Ննջի՛ր խաղաղությամբ, հայ ազգի նվիրյալ զավակ: [b]ԵԿՄ վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր