211652_close_icon
views-count3585 դիտում article-date 17:52 18-10-2018

Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մսմնայի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին Մարտունու շրջանի Մսմնա գյուղում ներկա է գտնվել Մսմնայի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Արցախի նախագահը Մսմնայի ճակատամարտը համարել է Արցախի ազգային-ազատագրական պայքարի կարևոր դրվագներից և հաղթանակներից մեկը, նշելով, որ այդ հերոսամարտն առ այսօր հանդիսանում է ոգևորման աղբյուր՝ իր յուրովի ավանդը բերելով մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում: Նշենք, որ Մսմնայի ճակատամարտին վերաբերող վավերագրերից մեկի տեղեկացմամբ՝ թուրքական զորքերին Մսմնայի մերձակա ձորում դարանակալել ու կոտորել է Դիզակի շրջանի Կարմրակուճ գյուղի քաջարի զավակ Ասլանիկն իր առաջնորդած դիզակցի ու վարանդեցի մարտիկներով: Համաձայն այդ նույն վավերագրի՝ ճակատամարտի ամենավճռական պահին Ասլանիկին առաջինն օգնության են շտապել Թևան Ստեփանյանի գլխավորած Տումի գյուղի մարտիկները, ապա նաև Արտեմ Պետրոսյանի գլխավորած Վարանդայի մյուս գյուղերի մարտական խմբերը: Ջախջախված թշնամին մարտադաշտում թողել է ավելի քան 300 դիակ, 2 թնդանոթ, 7 գնդացիր. զենք- զինամթերք և տասնյակ գերիներ:

Նմանատիպ նյութեր