211652_close_icon
views-count5153 դիտում article-date 22:45 12-10-2018

Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ՖՄԿ գագաթնաժողովը կատարյալ ու անթերի կազմակերպելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կատարյալ ու անթերի կազմակերպելու համար: «[url=https://armenpress.am/arm/news/950747.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի հետ զրույցում Մակրոնը նշել է, որ իսկական մարտահրավեր էր ունենալ այսքան քիչ ժամանակ և այդքան լավ կազմակերպել ամեն ինչ: «Այստեղ նաև շատ հուզիչ էր փողոցում մարդկանց ընդունելությունը: Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և այն թիմին, որն աշխատել է ձեր հիանալի ընդունելության համար, որով մեզ հյուրընկալեցիք»,- նշել է Ֆրանսիայի նախագահը: Անդրադառնալով աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, Մակրոնն ասել է, որ Ազնավուր լսում է փոքրուց: «Նրա մահից 15 օր առաջ ճաշել ենք միասին: Ես մեծ հիացմունք ունեմ իր հանդեպ: Շատ երգեր կան, որ խորապես սիրում եմ, բայց «Լա Բոհեմ»-ն իմ ամենանախընտրելին է»,- ասել է Մակրոնը: Երևանում ավարտված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել կազմակերպության անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար: Հոկտեմբերի 11-ի նիստի ընթացքում ՖՄԿ գագաթնաժողովի նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվեցին Հայաստանին: Հիմնվեց համաժողովի բյուրոն, մասնակիցները հաստատեցին օրակարգի նախագիծն ու ծրագրավորեցին աշխատանքները: Հոկտեմբերի 12-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար ընտրվեց Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն: Գագաթնաժողովի թեման էր «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել էր նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։

Նմանատիպ նյութեր