հիմնական կայք
Լրահոս

Իրանագիտական լեզվաբանության 8-րդ միջազգային գիտաժողովը տեղի է ունենում ԵՊՀ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Իրանագիտական լեզվաբանության 8-րդ միջազգային գիտաժողովը տեղի է ունենում ԵՊՀ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ «Իրանագիտական լեզվաբանության 8-րդ միջազգային գիտաժողով»-ը անց է կացվում հոկտեմբերի 11-13-ը Երևանի պետական համալսարանում:


Իրանագիտական լեզվաբանության միջազգային գիտաժողովը (ICIL) միտված է լեզվաբաններին ու բանասերներին աշխարհի բոլոր ծայրերից համախմբել իրանագիտության շուրջ: Նախորդ տարիներին այն անցկացվել է Ռուսաստանում (2017) և Վրաստանում (2016): Այս տարի այն անց է կացվում Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանում:

Գիտաժողովին մասնակցում են բազմաթիվ գիտնականներ Իրանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Կանադայից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Հվ. Կորեայից և մի շարք այլ երկրներից:
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ իրանագիտական լեզվաբանությանը նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց և շնորհակաական խոսքով հանդես եկավ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ով նշեց, որ մեծ պատիվ է հյուրընկալել մասնագետներին աշխարհի տարբեր երկրներից, և առանց «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամի աջակցության՝ գիտաժողովը հնարավոր չէր լինի կազմակերպել:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին:
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ սիրով և ուրախությամբ է ողջունում «Իրանագիտական լեզվաբանության 8-րդ միջազգային գիտաժողով»-ը, որը տեղի է ունենում Երևանի պետական համալսարանում:

«Այս գիտաժողովի անցկացումը ԵՊՀ-ում և հատկապես Իրանագիտության ամբիոնում վկայում է այն բանի մասին, որ այն համաշխարհային իրանագիտության կենտրոններից մեկն է, և տարիներ շարունակ իրականացված աշխատանքները համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին»,- ասաց պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:

Նա նաև նշեց, որ Հայաստանում և հայ ժողովրդի մոտ իրանագիտության հանդեպ հետաքրքրությունն ունի դարերի պատմություն, ինչը հիմնված է ոչ միայն Իրանի հետ բարեկամական հարաբերությունների, այլ նաև գիտական լայն շրջանակի նկատմամբ հետաքրքրության վրա:

«Ես ուզում եմ արձանագրել, որ այսօր Հայաստանում տեղի է ունենում համաշխարհային կարևորության 2 միջոցառում՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և գիտական ասպարեզում դրան համարժեք այս գիտաժողովը»,- հավելեց Ռուբեն Մելիքյանը:

Գիտաժողովին մաղթելով արդյունավետ աշխատանք և քննարկումներ՝ նա հույս հայտնեց, որ համաժողովը ևս մի կարևոր քայլ է լինելու՝ նպաստելու համաշխարհային իրանագիտության զարգացմանը:
Ըստ պրոֆեսոր Մելքոնյանի՝ Հայաստանն ունի իրանագիտական շատ յուրահատուկ դպրոց, որի թե՛ տաղանդավոր երիտասարդ կադրերը, թե՛ իրանագիտության ասպարեզում անվերապահ հեղինակություն վայելող Գուրգեն Մելիքյանը լուրջ քայլերով առաջ են տանում իրանագիտության հայկական դպրոցը:
Ողջույնի խոսքերից հետո տարբեր երկրներից մասնագետները ներկայացրին իրենց զեկույցները իրանական լեզվաբանության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ միջազգային գիտաժողովը շարունակվելու է հոկտեմբերի 12-ին և 13-ին՝ ժամը 09:00-ից, ԵՊՀ Արևելագիտության մասնաշենքի՝ համապատասխանաբար Երկանյանների և Ֆիրդուսիի անվան դահլիճներում:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք