հիմնական կայք
Լրահոս

Ադրբեջանում «նեղսրտել» են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացման պատճառով

Ադրբեջանում «նեղսրտել» են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացման պատճառով Հայաստանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթաժողովը չի վրիպել մեր հարևանների ուշադրությունից: Մասնավորապես, Ադրբեջանում դժվարանում են համակերպվել այն իրողության հետ, որ Հայաստանը նման մեծամասշտաբ միջոցառում է հյուրընկալում:


Նշենք, որ ՖՄԿ-ն միջազգային ամենամեծ կազմակերպություններից է, որն 84 անդամ ունի աշխարհի տարբեր մայրցամաքներից: Հայաստանը երկու տարով ստանձնում է ՖՄԿ-ում ղեկավարությունը, ինչը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում հայկական կողմին ինչպես կազմակերպության շրջանակներում, այնպես էլ կազմակերպության առանձին անդամների հետ նախաձեռնողական քայլեր իրականացնելու համար, որոնք կնպաստեն տարբեր հարցերի շուրջ հետագա համագործակցությանը: Այս տեսանկյունից հատկանշական է նաև Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ֆորումի անցկացումը Երևանում:

Միևնույն ժամանակ Հայաստանում ավելի քան 80 պատվիրակությունների, այդ թվում 25-ից ավելի պետության ղեկավարների միաժամանակյա ներկայությունը մեծապես նպաստում են Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը: Այդ նույն համատեքստում պետք է փաստել, որ գագաթաժողովի բարեհաջող անցկացումը կնպաստի Հայաստանի՝ որպես հուսալի և վստահելի գործընկերոջ ընկալմանը միջազգային հարթակում:

Եվ այս ամենի ֆոնին նկատելի է նաև ադրբեջանական քարոզչության ակտիվացում, որը նպատակ է հետապնդում ստվերել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կարևորությունը: Մասնավորապես, Բաքվի կողմից շրջանառության մեջ են դրվել մի շարք թեզեր, որոնք ոչ միայն չեն դիմանում որևէ քննադատության, այլև որոշ դեպքերում ծայրահեղությունների են հասնում: Ադրբեջանում այս օրերին կասկածի տակ են դնում ոչ միայն «հայ-ֆրանսիական պատմական հարաբերությունների գոյությունը», այլ նաև հայտարարում են, որ Հայաստանում նման միջոցառման անցկացումը «քաղաքական ուղերձ է Ռուսաստանին, որն ակնարկում է այն մասին, որ Հայաստանը արևմտամետ քաղաքականություն է վարում»: Ադրբեջանում այս օրերին շրջանառվող մեկ այլ տեսակետի համաձայն էլ «Հայաստանն ամբողջությամբ մեկուսացված է եվրասիական ինտեգրացիայից»:

Ադրբեջանական այս քարոզչությունն, ինչ խոսք, իրականության հետ որևէ աղերս չունի: Հայաստանի կողմից իրականացվող հավասարակշռման և ինտեգրացիոն գործընթացների փոխլրացման քաղաքականության արդյունքում Հայաստանը չունի ընտրության խնդիր և բաց է ամրապնդել ու խորացնել հարաբերությունները բոլոր գործընկերների և բարեկամ երկրների հետ: Բաքվին պետք է հիշեցնել նաև, որ Ֆրանկոֆոնիան Արևմուտքի հետ ասոցացնելը ևս անհեթեթություն է. այդ կառույցը միավորում է տարբեր երկրներ աշխարհի բոլոր մայրցամաքներից, այդ թվում՝ Աֆրիկայից և Ասիայից:

Մանրամասները՝ armenpress.am կայքում

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք