211652_close_icon
views-count2359 դիտում article-date 13:43 11-10-2018

Պետք է համախմբենք ոչ միայն մեր ճառերի, այլև այն ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել. Կանադայի վարչապետ

Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը տիրույթ է, որտեղ պետությունները կարող են լսել միմյանց, և երկիրն այդ տիրույթի լիիրավ անդամ է՝ լինի 99, թե 9 մլն բնակչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ընթացքում այս մասին ասաց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: «Միասին մենք կարողացել ենք ստեղծել մի տիրույթ, որտեղ առաջնորդվում ենք իրար հանդեպ հարգանքով, որտեղ մեր պետությունները կարող են զարգանալ, լսել իրար ու այս ամենը ֆրանսերենով: Ձեր երկիրը ունենա 99 մլն բնակչություն, թե 9 մլն, դուք լիիրավ անդամ եք այս կազմակերպության: Մենք պետք է համախմբենք ոչ միայն մեր ճառերի, այլև այն ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել: Այս գագաթնաժողովը կայանում է շատ կարևոր մի պահի: Մենք պարտավոր ենք վերաիմաստավորել միասին ապրելու մեր կարգախոսը, քանի որ մարտահրավերները կարող ենք հաղթահարել միայն միասին ապրելու կարգախոսի տիրույթում: Շատ քաղաքացիներ իրենց հեռու են զգում գլոբալիզացիայից: Բնիկ ժողովուրդներ կան շատ, որոնք նույնպես իրենց մոռացված են զգում ժամանակակից աշխարհի խոստումներից: Սակայն ոչ մի երկիր չի կարող գրանցել հաջողություններ առանց բոլորի մասնակցության՝ անկախ նրանց կրոնական ու այլ պատկանելությունից: Ֆրանկոֆոն երկրները լավագույնն են դիրքավորված այս արժեքների առաջամարտիկներ լինելու համար: 10 ամենաարագ զարգացող պետություններից 5-ը ֆրանկոֆոն պետություններ են»,- ասաց Թրյուդոն: Կանադայի վարչապետը կարևորեց Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում հատկապես աֆրիկյան երկրների ներկայացվածությունը: «Աֆրիկան այսօր հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի շարժիչը՝ հաշվի առնելով բնակչությունը և զարգացման տեմպը: Մեր պատասխանատվությունն է՝ մեր երիտասարդությանը հավասար հնարավորություններ ընձեռել սովորելու ու հաջողություններ գրանցելու: Կանադան ակտիվորեն մասնակցում է Մալիում ՄԱԿ-ի գործառույթներին: Այսօր կարող եմ ուրախությամբ արձանագրել, որ Մալիում գրանցվում են հաջողություններ կանանց իրավունքների հարցում: Այնտեղ նվազում է խտրականությունը: Սա մեր գործառույթներից մեկն է Աֆրիկայում: Մենք աֆրիկյան մայրցամաքի համար ցանկանում ենք լինել երկարաժամկետ գործընկեր: Կանադան կշարունակի պաշտպանել Ֆրակոֆոնիայի արժեքները, որոնք մարդու իրավունքներն են»,- նշեց Կանադայի վարչապետը Ջասթին Թրյուդոն անդրադարձավ նաև Շառլ Ազնավուրին՝ նշելով, որ անչափ սիրում էր շանսոնյեին: «Ինչպես իմ գործընկերները, ես չեմ կարող չարտահայտել իմ խորը կարեկցանքը մեծ մարդու՝ Շառլ Ազնավուրի համար, ում ես անչափ սիրում էի: Ամբողջ ֆրանկոֆոն աշխարհը համակվեց հարգանքի տուրքով՝ ուղղված Շառլ Ազնավուրին: Շառլը մանրամասն տեսնում էր մեր լեզվի ու մեր մշակույթների բոլոր նրբերանգները: Ես տեսնում եմ նույնն այստեղ ևս»,- ասաց Թրյուդոն: Կանադայի վարչապետը շնորհակալություն հայտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին ու ամբողջ հայ ժողովրդին: Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար: Այսօրվա նիստի ընթացքում ՖՄԿ նախագահության լիազորությունները Մադագասկարից կփոխանցվեն Հայաստանին: Կհիմնվի համաժողովի բյուրոն: Մասնակիցները կհաստատեն օրակարգի նախագիծն ու կծրագրավորեն աշխատանքները: Նախատեսվում է նաև ֆրանկոֆոնիայի անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության մասին հայտերի քննարկում: Հոկտեմբերի 11-12 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ուբազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջտարածքի խաղաղության և բարգավաճման։

Նմանատիպ նյութեր