211652_close_icon
views-count2879 դիտում article-date 11:59 11-10-2018

Երբ որևէ մեկը հեղափոխական կարգախոսներից դուրս միտք է արտահայտում, պետք չէ նրա «բերանին գալ»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այժմ արդեն ակնհայտ է, որ դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն է ստանալու Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը կամ դաշինքը, 1/3 փոքրամասնության տեղն է զբաղեցնելու, պայմանականորեն ասած, «Լույս» դաշինքը, որի հիմքն են կազմելու «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը»: ԲՀԿ-ն, որն իշխանությունից նորից, մեղմ ասած, հարված ստացավ և կրկին ստիպված եղավ իշխանությանը հավատարմության երդումներ տալ, կարող է հաղթահարել անհրաժեշտ շեմը, կարող է և չհաղթահարել: Մնացած քաղաքական ուժերը խորհրդարան մտնելու շանսեր, իմ կարծիքով, չունեն: Նման դասավորության պայմաններում հրատապ և կարևոր է դառնում իշխանությանը հակակշռելու, նրան ընդդիմախոսելու խնդիրը: Այո, վարչապետը և նախարարները կաշառք չեն վերցնելու, կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված չեն լինելու, բիզնեսներին «տանիք» չեն կանգնելու: Դա հսկայական առաջընթաց է, մեր երկրի զարգացման, հասարակության դրական տրամադրվածության նախապայմանը: Բայց դա ամենևին չի նշանակում, որ իշխանությունը քննադատելու տեղ այլևս չի ունենա: Միայն կաշառք չվերցնելով` հնարավոր չէ զարգացնել տնտեսությունը, ամրապնդել Հայաստանի և Արցախի անվտանգությունը, լուծել մեր երկրի բազմաթիվ մեծուփոքր խնդիրները: Կոռուպցիայի բացակայությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է երկրի զարգացման համար: Այս՝ ավելի մեծ ու ծանր խնդիրների լուծումը պահանջում է ծրագրեր, գաղափարներ, ոչ ստանդարտ և հաճախ ոչ ժողովրդահաճո քայլեր: Ճիշտն ասած, ես դրանց մասին դեռ չեմ լսել: Գուցե այն պատճառով, որ թմբուկի և «հու»-ի աղմուկն առայժմ շատ բարձր է, առասպելական հակահեղափոխականների դեմ պայքարն է չափից դուրս եռանդուն: Բայց հետագա քայլերի քննարկման ժամանակը շուտով, հավանաբար, կգա: Կարևոր է, որ այդ քննարկումը հնարավորինս ազատ լինի: Երբ որևէ մեկը հեղափոխական կարգախոսներից դուրս ինչ-որ միտք է արտահայտում, պետք չէ նրա «բերանին գալ»՝ ասելով, որ վարչապետն ամեն ինչ գիտի, նրան մի՛ խանգարեք: Եթե մեկը զբաղված չէ «ժողովուրդ» բառով բարդ ստորադասական նախադասություններ կազմելով, պարտադիր չէ, որ հակահեղափոխական կամ «սև ուժերի» ներկայացուցիչ լինի: Երբ այդ գիտակցությունը հասունանա, համարեք, որ սկսվել է նոր փուլ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր