211652_close_icon
views-count3189 դիտում article-date 15:20 19-09-2018

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համաժողովում Ադրբեջանը սուր քննադատության է ենթարկվել

Վարշավայում անցած շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում սուր քննադատության է ենթարկվել Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր իրավիճակը։ Հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: ԱՄՆ պատվիրակության ղեկավար Մայքլ Կոզակը համաժողովում ունեցած ելույթի ժամանակ նշել է, որ Ադրբեջանում շարունակվում են քաղաքական մոտիվներով ձերբակալություններն ու հետապնդումները: «Քաղաքական մոտիվներով հետապնդումները շարունակում են Ադրբեջանի արդարադատության համակարգի անկախությունը կասկածի տակ դնելու հիմք հանդիսանալ: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում ազատ արձակել հիմնարար ազատությունների իրացման համար ձերբակալված անձանց, ինչպես նաև հանել ընդդիմադիր գործիչներ Իլգար Մամեդովի, Ալի Քերիմլիի, Անար Մամեդլիի և լրագրող Խադիջա Իսմայիլովայի համար սահմանված երկիրը լքելու արգելքը»,-ասել է նա: Մայքլ Կոզակը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել նաև մանրազնին հետաքննել ձերբակալության մեջ գտնվողների նկատմամբ իրականացված խոշտանգումների վերաբերյալ ստացված տեղեկությունների մանրամասները: Կոզակը հիշեցրել է, որ հետաքննություն չի իրականացվել Մեհման Հուսեյնովի հայտարարությունից հետո, ըստ որի նա կալանավայրում ոստիկանների կողմից ծաղրանքի է ենթարկվել: Դրա փոխարեն Հուսեյնովը զրպարտության մեղադրանքով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: ԶԼՄ-ների ազատությանը վերաբերող բաժնում զեկուցման ժամանակ Կոզակը նշել է նաև, որ Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատությունը սահմանափակված է: «Ադրբեջանի իշխանությունները շարունակում են արգելափակել անկախ ԶԼՄ-ների կայքերը: Կայքերը փակվում են իշխանություններին քննադատող հոդվածներ տպագրելուց հետո»,-հավելել է ԱՄՆ պատվիրակության ղեկավարը:

Նմանատիպ նյութեր