211652_close_icon
views-count2336 դիտում article-date 08:55 19-09-2018

Ամերիկահայերը մասնակցում են ԱՄՆ-ի դաշնային, նահանգային ու տեղական ընտրություններին․ «Ամերիկայի ձայն»

Նոյեմբերին Միացյալ Նահանգներում սպասվում են ընտրություններ, որին մասնակցում են նաև ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ: Քարոզարշավի վերաբերյալ [url=https://www.amerikayidzayn.com/a/4577289.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ը զրուցել է Միչիգանի նահանգային խորհրդի անդամի թեկնածու Մարի Մանուկյանի հետ: Միացյալ Նահանգներում ակտիվորեն ընթանում է նախընտրական քարոզարշավը նոյեմբերին սպասվող դաշնային, նահանգային ու տեղական ընտրություններին ընդառաջ: Ընտրություններին մասնակցում են նաև ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ: Դեմոկրատական կուսակցության կողմից Միչիգանի նահանգային խորհրդի անդամի թեկնածու է առաջադրվել ամերիկահայ Մարի Մանուկյանը, ով օգոստոսին հաղթել է դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում: «Ես պատրաստ եմ իմ կուտակած փորձն ու ներուժը ներդնել ի նպաստ մեր նահանգի ու համայնքի»,- ասում է Մանուկյանը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում: Երիտասարդ թեկնածուի թիմը իրականացնում է ակտիվ քարոզարշավ՝ Մարին «հանուն Միչիգանի» կարգախոսի ներքո: Թեկնածուն կարևորում է համայնքային միասնությունը՝ խնդիրներին համապատասխան լուծումներ տալու համար: «Նախընտրական քարոզարշավը ոչ թե իմ մասին է որպես անձի, այլ իրականում նրա մասին, թե միասնաբար ինչ ենք կարող անել որպես համայնք»,- ընդգծում է Դեմոկրատական կուսակցության թեկնածուն: Մարի Մանուկյանն առաջադրվել է Միչիգանի Բլումֆիլդ Հիլսի շրջանային ընտրատարածքում, որը երկար տարիներ քվեարկում է հանրապետական թեկնածուի օգտին: Դեմոկրատական կուսակցության թեկնածու Մանուկյանը վստահ է, որ այս անգամ իրենց կհաջողվի փոխել քաղաքական ստատուս քվոն ընտրատարածքում: Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Մարին առաջնահերթություն է տալիս կրթության ոլորտին, մասնավորապես հանրային դպրոցների խնդիրներին: «Ընտրողներն ինձ հարցնում են, թե որն է այն հիմնախնդիրը, որին ես կանդրադառնամ առաջին հերթին ընտրվելու դեպքում: Դա մեր հանրային դպրոցներում առկա ճգնաժամային վիճակն է: Մենք այսօր ունենք դպրոցներ, ուր հաճախող սաները զրկված են խմելու ջրից»,- նշում է Մարի Մանուկյանը: Այդ պատճառով թեկնածուն վստահ է, որ անհրաժեշտ է մեծացնել հանրային դպրոցների ֆինանսավորումը: Նրա առանձնացրած այլ խնդիրները վերաբերվում են խմելու ջրի ու բնապահպանական ոլորտների կարգավորմանը: Նա քննադատում է իր հանրապետական մրցակցի մոտեցումներն այս հարցերի շուրջ, սակայն ընդգծում, որ իր քարոզարշավը հիմնված է իր սեփական քաղաքական օրակարգի վրա: Որպես ամերիկահայ, Մանուկյանը կարևորում է նահանգի ամերիկահայ շրջանակների օժանդակությունը: Նա հույս ունի, որ տեղի ամերիկահայ համայնքը ինչպես օգոստոսի նախնական ընտրությունների ժամանակ, այնպես էլ նոյեմբերի հիմնական ընտրություններին կաջակցի երիտասարդ թեկնածուին: «Պատիվ ունեմ ներկայացնելու ամերիկահայ համայնքը այս քարոզարշավում»,- ասում է Մանուկյանը: Նա գտնում է, որ իր ընտրվելը կարող է լավ խթան հանդիսանալ երիտասարդ ամերիկահայերի համար ավելի ակտիվ ընդգրկվելու ամերիկյան հանրային կյանքում ու ծառայության ոլորտում, որը կնպաստի ամերիկահայության առջև ծառացած բազմաթիվ խնդիրների բարձրաձայնմանն ու դրանց լուծմանը, ինչպես տեղական, այնպես էլ ազգային մակարդակում:

Նմանատիպ նյութեր