211652_close_icon
views-count8127 դիտում article-date 12:51 18-09-2018

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների կարգախոսն է՝ «Դու անկախ ես»

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների կիզակետը լինելու է Հանրապետության հրապարակը։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ «Միջոցառումն անցկացվելու է «Դու անկախ ես» կարգախոսի ներքո, սա հստակ ուղերձ է՝ հաշվի առնելով նաև թավշյա հեղափոխության մեր ունեցած փորձը։ Այս կարգախոսով յուրաքանչյուր քաղաքացի թիրախավորվում է, ուղերձը հղվում է յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է կրի ու հասկանա, որ ինքն անկախ է դրանից բխող բոլոր հետևանքներով»,-ասաց նա։ Վերջինս նաև տեղեկացրեց, որ սեպտեմբերի 21-ին ընդունելություն կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ՝ Բաղրամյան 26 կառավարական շենքում, որտեղ սպասվում է բավականին հաճելի անակնկալ: Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը հայտնեց, որ միջոցառումների մեկնարկը տրվելու է Երևանի Հանրապետության հրապարակից՝ ժամը 12:00-ին: «Միջոցառումների մեկնարկը տրվելու է կավճանկարչությամբ, որին կմասնակցի շուրջ 2 հազար աշակերտ: Ժամը 13:00-ից՝ կավճանկարչությունից անմիջապես հետո Հանրապետության հրապարակում գործելու է «Վերնիսաժ» խորագրով գեղանկարչության ցուցահանդեսը: Ժամը 13:00-ից սկսում են աշխատել նաև Հանրապետության հրապարակում տեղադրված երկու բեմերը, որոնք աշխատելու են մինչև 23:00-ն: Մանկական քաղաքը նույնպես լինելու է Հանրապետության հրապարակում, որը գործելու է շատրվանների դիմացի մայթի ամբողջ երկայնքով։ Հանրապետության հրապարակում տեղադրված է լինելու տոնական ավան, որտեղ լինելու է ցուցահանդես-վաճառք, հայկական ուտեստների, գինիների և գարեջրի տեսականիների համտես: Հանրապետության հրապարակում և ամբողջ մայրաքաղաքում տոնական միջոցառումները կամփոփվեն մեծ տոնական հրավառությամբ, որը կլինի ժամը 23:00-ին»,- ասաց Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետը: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ տարբեր ոլորտների հեղինակավոր ու գնահատված մարդկանց սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, հրավիրել է Հանրապետության հրապարակ՝ քաղաքացիների հետ զրուցելու ու նկարվելու։ «Նախատեսված է հատուկ ժամ Հանրապետության հրապարակում, որը պայմանականորեն անվանել ենք «Սելֆիի ժամ»։ Այս ժամին քաղաքացիները կկարողանան նկարվել հայտնի գործիչների հետ»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը։

Նմանատիպ նյութեր