211652_close_icon
views-count5677 դիտում article-date 18:42 17-09-2018

Սյունիքի մարզի դատախազը մարզի համայնքներում սերմացու ցորենի բաշխման գործընթացի նկատմամբ հսկողության վիճակը բարելավելու միջնորդությամբ դիմել է մարզպետին

ՀՀ դատախազության մարզային ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրությունների շրջանակներում շարունակվում են միջոցառումները նախորդ տարիներին աշնանացան սերմացու ցորենի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրականացման գործընթացում արձանագրված խախտումների, չարաշահումների բացահայտման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Այդ շրջանակում ՀՀ Սյունիքի մարզում հարուցվել է 13 քրեական գործ՝ մարզի բազմաթիվ համայնքներում սեմացու ցորենի բաշխման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հափշտակության, պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով: Մարզի դատախազությունում ուսումնասիրվել են հարուցված քրեական գործերի նյութերը, որոնց արդյունքնում պարզվել է, որ առանձին դեպքերում համայնքներին տրամադրվել է նրանց կողմից նախապես պահանջված սերմացու ցորենի ամբողջ քանակությունը, որը փոխառության անհատական պայմանագրերով համայնքի շահառու բնակիչներին տրամադրվել է ամբողջությամբ: Չնայած այդ հանգամանքին՝ գործընթացի նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացվելու պատճառով տեղ են գտել բազմաթիվ անճշտություններ ու սխալներ, որոնց հետևանքով առերևույթ հանցագործություն կատարվելու վերաբերյալ իրավապահ մարմինների կողմից ստացված տեղեկությունները որոշ գյուղերի համայնքապետարանների պաշտոնատար անձանց կողմից հանցավոր արարքներ կատարելու հատկանիշներով քրեական գործեր հարուցելու առիթ են հանդիսացել: Նման իրավիճակ է առաջացել մասնավորապես Սյունիքի մարզի Նժդեհ և Շինուհայր համայնքներում: Վերջիններիս հետ կապված հարուցված քրեական գործերի նախաքննությամբ հիմնավորվել է, որ, օրինակ, Սյունիքի մարզպետարանի կողմից Շինուհայր համայնքին 2014-2015թթ. ընթացքում տրամադրվել է ընդհանուր 82237 կգ ցորենի սերմացու, իսկ Նժդեհ համայնքին՝ 2013-2015թթ. ընթացքում՝ ընդհանուր 5030 կգ ցորենի սերմացու: Երկու գյուղերում էլ դրանք ամբողջությամբ տրամադրվել են համայնքի բնակիչներին, շահառուներին սերմացու տրամադրելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր չեն կազմվել, ստացված քանակությունից հափշտակություն չի կատարվել: Ուստի հիմնվելով նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների վրա՝ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճել նշված համայնքների վերաբերյալ քրեական 2 գործերով վարույթները: Միևնույն ժամանակ, սակայն, մարզի դատախազությունում նշված քրեական գործերի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համադրված վերլուծությամբ պարզվել է, որ Սյունիքի մարզպետարանի կողմից, որը հանդիսացել է գումարների հավաքագրման ապահովվման նկատմամբ հսկողություն իրականացնող, այդ գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը տնօրինող պետական մարմին, բերքահավաքից հետո բավարար հսկողություն չի իրականացել գումարների հավաքագրման ապահովվման նկատմամբ: Մասնավորապես, պատշաճ չի իրականացրել շահառուների, նրանցից գումարների հավաքագրման վերաբերյալ տեղեկությունների գրանցումը, դասակարգումը և պահպանումը: Փոխանակ նախապես կազմելու մարզի համայնքների շահառու բնակիչների ունեցած պարտքերի վերաբերյալ անվանացուցակները և ճշտելու դրանցում առկա տվյալների ամբողջականությունն ու իսկությունը, մարզպետարանը դրանց վերաբերյալ ոչ պաշտոնական տվյալներն ստացել է ՀՀ գյուղատնտեսության, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարություններից և ներկայացրել որպես ճշգրտված տեղեկատվություն: Մինչդեռ ակնհայտ է, որ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու, դրանց վերաբերյալ սահմանված կարգով տեղեկությունները չգրանցելու, չդասակարգելու և չպահպանելու այսօրինակ գործելաոճը նպաստավոր պայմաններ է ստեղծում կոռուպցիոն հանցագործությունների կատարման, դրանք կատարած անձանց չբացահայտման և որպես հետևանք՝ նաև պետական շահերի խախտման համար: Բացի այդ, նման գործելաոճն էականորեն խոչընդոտել է իրավապահ մարմինների աշխատանքը, քանի որ վերջիններս հարկադրված են եղել ռեսուրսներ և ժամանակ վատնել հանցագործության հատկանիշներ չպարունակող դրսևորումների ուղղությամբ քննություն կատարելու համար: Հաշվի առնելով այս հանգամանքները՝ պետական շահերի խախտման պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով ՀՀ Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին: Միջնորդագրով մարզի դատախազը բարձրացրել է արձանագրված բացաթողումների կրկնությունը հետայսու բացառելու և կոռուպցիոն հանցագործությունների կատարման, դրանք կատարած անձանց չբացահայտման համար նախադրյալների ստեղծումից խուսափելու նպատակով իրականացվող պետական ծրագրերին առնչվող տվյալների հավաքագրման և մշակման հստակ կառուցակարգ կիրառելու, հսկողական գործառույթներն այդ ծրագրերի իրականացմանը զուգահեռ պատշաճ գործադրելու հարցը: Մարզի դատախազն առաջարկել է նաև քննարկել նշված խախտումների կատարման համար պատասխանատու մարզպետարանի աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: [b]ՀՀ գլխավոր դատախազություն[/b]

Նմանատիպ նյութեր