211652_close_icon
views-count3378 դիտում article-date 15:42 11-09-2018

Զոհրաբ Մնացականյանը հայտնեց շատ շուտով Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը շատ շուտով նոր հանդիպում կունենան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հենց Մնացականյանը՝ հրաժարվելով, սակայն, այս պահին հստակ ժամկետներ նշել: «Ես փորձում եմ այդ հարցում լինել շատ կոռեկտ և հայտարարություններ անել համաձայնեցված կերպով: Հանդիպման մասին մենք կհայտարարենք (խմբ.- Ադրբեջանի հետ) համաձայնեցված կերպով, որպեսզի պահպանենք միմյանց նկատմամբ հարգանքը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը: Նա հիշեցրեց, որ հայկական կողմը ներգրավված է բանակցային գործընթացում: «Մենք արտահայտել ենք մեր հավատարմությունը խաղաղ բանակցությունների գործընթացին: Հուլիսին հանդիպում եղավ Բրյուսելում, պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակելու գործընթացը, կազմակերպելու հաջորդ հանդիպումը: Այդ հանդիպումը տեղի է ունենալու շատ շուտով: Համաձայնեցված ձևով կխոսենք այդ մասին»,- նշեց Մնացականյանը: ՀՀ արտգործնախարարի պաշտոնում Զոհրաբ Մնացականյանի առաջին հանդիպումն Ադրբեջանի գործընկերոջ՝ Մամեդյարովի հետ տեղի էր ունեցել հուլիսի 11-ին:

Նմանատիպ նյութեր