211652_close_icon
views-count6844 դիտում article-date 23:12 22-07-2018

Հովհաննես Հովհաննիսյան. Ընդունելությունը կազմակերպել վիճակահանությամբ, որը կապահովի հավասար մոտեցումը բոլոր դիմորդների համար

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. [b]Հաշվի առնելով այն մեծ հետաքրքրությունը, որ դրսևորվել է մեր համաքաղաքացիների կողմից Հայ-չինական բարեկամության դպրոցի կապակցությամբ՝ պարզաբանեմ մի քանի հարցեր: [/b] 1. Դպրոցը ստեղծվել է նախկինում նույն տարածքում գործող 103 դպրոցի տարածքում և տվյալ դպրոցի աշակերտները պետք է տեղափոխվեն իրենց դպրոց: 2. Դպրոցը կարող է տեղավորել 605-610 աշակերտի: Եթե այս թվից հանում ենք 103 դպրոցում արդեն առկա աշակերտներին, ապա խոսքը գնում է մոտ 350 նոր աշակերտ ընդունելու մասին: 3. Դպրոցի իրավակազմակերպական ձևը լինելու է հիմնադրամ և ոչ ՊՈԱԿ, ունենալու է իր հոգաբարձուների խորհուրդը: 4. Այն սովորական հանրակրթական դպրոց է իր ծրագրերով, բացառությամբ միայն, որ դպրոցում լինելու է խորացված չինարեն լեզվի ուսուցում: 5. Դպրոցը չի տրամադրելու տրանսպորտ և սնունդ: Այս օրերին դպրոցի 5-9 դասարաններում սովորելու համար դիմել են մոտ 700 աշակերտ, որի համար մենք կազմակերպեցինք հանդիպում ծնողների հետ, որտեղ ծնողները բարձրացրեցին իրենց մտահոգող բոլոր հարցերը ու ստացան պարզաբանումներ: Հիմնական հարցը վերաբերում էր դպրոցի ընդունելությանը, քանի որ փաստ է, որ դպրոցը չի կարող ընդունել բոլոր դիմորդներին: ԿԳՆ հիմնական մոտեցումը հիմնված է սոցիալական հավասարության սկզբունքի պահպանման վրա, երբ բոլոր դիմորդները կունենան հավասար հնարավորություններ: [b]Քննարկվեցին հիմնական հետևյալ տարբերակները: [/b] 1. Ընդունելությունը կազմակերպել միջինացված գնահատականներով: Այս տարբերակը ընդունելի չէ, քանի որ հակասում է հանրակրթության մասին օրենքին ու խախտում է հավասարության սկզբունքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարբեր դպրոցներում միևնույն գնահատականը աշակերտները ստանում են ոչ նույն սկզբունքներով: 2. Առավելություն տալ նրան, ովքեր առաջինն են դիմել: Այս մոտեցումը նորից անհավասար հնարավորություններ կստեղծեր այն ծնողների համար, ովքեր այս կամ այն պատճառով իրեն գործերը հանձնել են ավելի ուշ: Օրինակ բերվեց սահմանում զինծառայողի ընտանիքը, ով հասցրել էր միայն նախավերջին օրը դիմել դպրոցի համար: 3. Դպրոցը կազմակերպել երկհերթ տարբերակով: Այս տարբերակը գործնականում հնարավոր չէ իրագործել, քանի որ Հայ-չինական բարեկամության դպրոցում դասարանները նախատեսված են միայն 15 աշակերտի համար, որը հավելյալ ծանրաբեռնվածություն է պետբյուջեի համար, իսկ երկհերթ տարբերակը այդ ծանրաբեռնվածությունը ուղղակի կկրկնապատկի: 4. Առաջարկություն եղավ նաև առավելություն տալ արդեն չինարենի իմացությամբ աշակերտներին կամ անցկացնել հարցազրույց, ինչը մերժվեց այն պարզ պատճառով, որ դպրոցի նպատակը հենց չինարենի ուսուցումն է այդ լեզվին չտիրապետող աշակերտների համար, իսկ հարցազրույցը հիմք է տալու ծնողներին մեղադրելու ընդունող հանձնաժողովին սուբյեկտիվության մեջ: 5. Ընդունելությունը կազմակերպել վիճակահանությամբ, որը լիովին կապահովի հավասար մոտեցումը բոլոր դիմորդների համար: Վիճակահանությունը կանցկացվի ծնողների ներկայությամբ ու մասնակցությամբ: ԿԳՆ որդեգրած քաղաքականությունն է դպրոցների էլիտարացումը չխթանելը և հավասար հնարավորությունների ստեղծումը բոլոր ՀՀ քաղաքացիների համար, որը հնարավոր է կատարել միայն պատահական ընտրանքով՝ բացառելով բոլոր տեսակի շահարկումներն ու սուբյեկտիվ վերաբերմունքը»:

Նմանատիպ նյութեր