211652_close_icon
views-count8576 դիտում article-date 17:55 21-07-2018

Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի

Էջմիածնի քաղաքապետարանը հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 20-ը մանկապարտեզներում ստիպված է արձակուրդ հայտարարել: Այս մասին տեղեկանում ենք Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի ֆեյսբուքյան էջից: Սոցցանցում Դիանա Գասպարյանը, դիմում է ծնողներին եւ նշում, որ այս որոշումը կարող է դժկամությամբ ընդունվել հատկապես՝ աշխատող ծնողների կողմից, սակայն, նրա հավաստիացմամբ, այն ընդունելիս առաջնորդվել է նախ և առաջ երեխայի լավագույն շահով, այնուհետև նաև մանկապարտեզների անձնակազմի իրավունքներն ապահովելու անհրաժեշտությամբ: «Այսպես, հուլիսի 25-ից դարձյալ սաստիկ շոգ է սպասվում, մեր մանկապարտեզներից շատերն էլ, ցավոք, բավական անբարեկարգ վիճակում են, և նման պայմաններում երեխաների հաճախումը մանկապարտեզ կարող է վտանգավոր լինել նրանց առողջության համար: Ավելին, ծնողների խոսքերով, երեխաները հաճախ մանկապարտեզից տուն են վերադառնում ալերգիկ ցաներով կամ քրտնելու հետևանքով առաջացած մաշկային երևույթներով: Անգամ ունեցել ենք անձնակազմերի անդամների ուշաթափության դեպքեր»,-գրում է քաղաքապետի պաշտոնակատարը: Դիանա Գասպարյանը հավատացնում է, որ այս որոշումը կայացվել է մանկապարտեզների անձնակազմերի և ծնողկոմիտեների հետ ակտիվ քննարկումների արդյունքում: «Ավելին, մանկապարտեզների տնօրեններին հանձնարարվել է ներկայացնել ցուցակ, թե մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներից քանիսն են «դեմ» և քանիսն են «կողմ» որոշման կայացմանը. պարզվել է, որ հարցված 1194 ծնողից դեմ է արտահայտվել ընդամենը 25-ը կամ 2,1%-ը: Հարգելի՛ ծնողներ, ևս մեկ անգամ հավատացնում եմ, որ այս պատասխանատու որոշումը կայացվել է հենց ձեր երեխաների շահը պաշտպանելու համար»,- նշում է նա: Քաղաքապետի պաշտոնակատարը հավելում է, որ եթե ձմռանը բացառիկ ցուրտ եղանակ չլինի, մանկապարտեզները հունվար-փետրվար ամիսներին չեն փակվի, ինչպես նախկինում:

Նմանատիպ նյութեր