211652_close_icon
views-count4269 դիտում article-date 23:20 20-07-2018

Քննադատության ալիք է բարձրացրել Վաշինգտոնում․ ամերիկացիները կարող են չհավատալ հաջորդ ընտրությունների արդյունքներին․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին՝ այցելելու ԱՄՆ: Հրավերը քննադատության նոր ալիք բարձրացրեց Վաշինգտոնում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4491298.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Հելսինքյան գագաթաժողովին հաջորդեց Սպիտակ տան հայտարարությունը, որ ռուս-ամերիկյան հաջորդ գագաթաժողովը կկայանա Վաշինգտոնում: Դրա մասին հանրությունը տեղեկացավ Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Սանդերսի թվիթերյան գրառումից: Հիշեցնենք, որ հելսինքյան գագաթաժողովում նախագահ Թրամփի հնչեցրած հայտարարություններն ամերիկյան հետախուզական ծառայությունների վերաբերյալ քննադատության լայն ալիք բարձրացրեցին երկրում, որին ի պատասխան նախագահ Թրամփը ուղղումներ մտցրեց իր խոսքում: Սակայն երկու կուսակցությունների օրենսդիրները կոշտ հայտարարություններով հանդես եկան նախագահի հասցեին: «Երբ Ռուսաստանի նախագահին պատասխանատվության չենք հրավիրում սուտ հայտարարությունների համար, ուրեմն աջակցում ենք նրան»,- հայտարարեց հանրապետական սենատոր Ջեֆ Ֆլեյքը: «Եթե որևէ գործողության չդիմենք, ամերիկյան ժողովուրդը կարող է չհավատալ հաջորդ ընտրությունների արդյունքներին»,- ասել է դեմոկրատ կոնգրեսական Ջերալդ Նադլերը: Ռուսաստանից եկող վտանգի մասին, կապված այս նոյեմբերին նախատեսվող ընտրությունների հետ, խոսել է նաև գործող վարչակազմի ազգային անվտանգության քարտուղարը: «Պետք է պատրաստ լինենք, որ նրանք նույն կերպ կգործեն»,- հայտարարել է Քիրսջեն Նիելսոնը: Իսկ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին հայտարարեց, որ նախագահ Թրամփը կորցրել է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: Դեմոկրատները հանդես եկան այս կապակցությամբ օրենսդրական մի շարք նախաձեռնություններով: Սակայն ԱՄՆ-ի Սենատում նրանց առաջադրած երկու խորհրդանշական օրինագծերը, որոնք աջակցություն էին հայտնում ամերիկյան հետախուզական ծառայություններին, տապալվեցին: Ամերիկացի սենատորները փոխարենը միաձայն ընդունեցին խորհրդանշական մի բանաձև ընդդեմ Ռուսաստանի հայտարարության՝ ամերիկացի դիվանագետներին հարցաքննելու մասին: Ռուսաստանն իր հերթին ի դեմս նախագահ Պուտինի քննադատել է Միացյալ Նահանգներում նախագահ Թրամփին քննադատող շրջանակներին՝ ընդգծելով, որ դրանք մեծացնում են լարվածությունը Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև:

Նմանատիպ նյութեր