211652_close_icon
views-count4368 դիտում article-date 21:17 20-07-2018

ԵԱՀԿ ԽՎ-ն հորդորել է Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել կալանավորված պատգամավորներին

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով գլխավոր հանձնաժողովի նախագահ Մարգարետա Քիներ-Նելենը, փոխնախագահ Միշել Ջորջ Լինքը և զեկուցող Կիրիակոս Հաջիյանին կոչ են արել Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել երկրում ազատազրկված պատգամավորներին: Տեղեկացնում են ԵԱՀԿ գրասենյակը: Ողջունելով երկրում երկու տարի շարունակված արտակարգ դրության ռեժիմը վերացնելու որոշումը՝ նրանք ընդգծել են, որ դա լավ հնարավորություն է Թուրքիայի իշխանությունների համար՝ երկրում վերականգնելու քաղաքացիական ազատությունները, օրենքի գերակայությունը, ժողովրդի հիմնարար ազատությունները: Միաժամանակ, ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչները նշել են, որ Սելահաթթին Դեմիրթաշը և մյուս ընտրված խորհրդարանականները պետք է ազատ արձակվեն և կատարեն պարտականություններն այն անձանց առջև, ովքեր ընտրել են նրանց: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 12 պատգամավոր 2016 թվականի նոյեմբերից ձերբակալվել, ապա կալանավորվել էին: Ներկայում կուսակցության կալանավորված պատգամավորների թիվը հասնում է 9-ի: Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում մի շարք մեղադրանքներով, այդ թվում և «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինել, դրդել հանցագործություն կատարելուն և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնել»:

Նմանատիպ նյութեր