211652_close_icon
views-count53255 դիտում article-date 17:52 20-07-2018

Կկվի վրայից հոտ է գալիս, գիտի, թե բնից է. մեղադրանքներն ընդդեմ Ա. Թարվերդյանի հակառակ շրջադարձն են ստանում

Հայաստանի հուշարձանների պահպանությունը իրականացնող կառույցի անունը վերջերս մամուլում հաճախ է հիշատակվում, բայց ոչ այն պատճառով, թե ինչպես են պահպանում հուշարձանները: Էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակումները վերաբերում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախկին մի քանի աշխատակիցների` ներկայիս ղեկավարությանը հասցեագրված մեղադրանքներին: Մասնավորապես, աշխատանքից ազատված 5 աշխատակիցները` Գայանե Հովհաննիսյանը, Հրայր Այվազյանը, Ադելաիդա Արսենյանը, Մարիաննա Լալաֆարյանը և Աշխեն Շաքարյանը հայտարարում են, թե «Բաղրամյան 26-ից «գործուղված» տնօրենը կազմաքանդում է կազմակերպությունը ու նրա գործունեությունը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը որոշեց սեփական հետաքննությունն անցկացնել, բայց ոչ թե հարցազրույց վերցնել տնօրենից, ով կհերքեր իրեն հասցեագրված մեղադրանքները, այլ` զրուցել աշխատակիցների հետ: Խորհրդային տարիներին կառուցված երկհարկանի շենքում է կազմակերպվում ու իրականացվում մեր մշակույթի անգնահատելի գոհարների պահպանությունը: Առաջին հարկում երկաթյա ճաղավանդակներով փակվող դռների հետևում պահվում են մշակութային արժեք ունեցող կարևոր փաստաթղթեր: Նախկին գործընկերների ասածի իսկությունը ճշտելու մեր ակնկալիքը` այլ պատկեր ստացավ: Հասկանալի պատճառներով առանց անուններ հրապարակելու պայմանով մեզ հետ զրույցում նրանք փոխանցեցին` իրենց կարծիքով, ոչ պակաս «արժեքավոր» տեղեկություններ նախկին ղեկավարության «սխրագործություններից»: Նրանց համոզմամբ, լրատվական այս տեռորի ու զրպարտությունների մեջքին կանգնած է ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վլադիմիր Պողոսյանը, ով ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իրեն աշխատանքից ազատել են Մշակույթի նախարարության աուդիտի արդյունքում հայտնաբերված չարաշահումների պատճառով: Հիմնարկում խոսում են հսկայական գումարների յուրացման ու այդ քրեական գործի մասին: Ասում են 25-30 հատոր հասնող քրեական գործն արդեն մի երկու տարի է քննվում է, նախկին ու ներկա աշխատակիցներից շատերին են կանչում հարցաքննության` տարբեր դրվագների առիթով: Աշխատավարձերի յուրացում, բյուլետեններ, գործուղումներ: Մեզ հասած տեղեկություններով նախկին տնօրենը, ով միշտ դժգոհել է փողի բացակայությունից ու հիմնարկի աղքատ լինելուց, բավականին տպավորիչ գումարներ է գրպանել: Կանխիկացվել են գործուղումների փողերը, պարգևատրումները: Տարիներով աշխատավարձ են ստացել մարդիկ, ում աշխատակիցները չեն էլ տեսել: «Վ. Պողոսյանը հիմնարկը դարձրել էր սեփական ԱՁ, ում ուզել գործի է ընդունել», -ասում են աշխատակիցները: Նրանց փոխանցմամբ, հիմնարկում աշխատել է ոչ միայն նախկին տնօրենի տղան` Դավիթ Պողոսյանը, ում համար հատուկ բաժին էր բացվել, որ բաժնի վարիչի ստատուս ունենար: Հիմնարկում գրանցված էին նախկին տնօրենի կինը` Անահիտ Մաղաքյանը, ում երբեք ոչ ոք հիմնարկում չի էլ տեսել, դուստրը` Ծովինար Պողոսյանը` գրադարանի աշխատող, դստեր փեսացուն` Գարիկ Վարդանյանը` որպես իրավաբան, ապա` Երևանի հուշարձանների ծառայության պետ: Աշխատակիցների խոսքով նախկին ղեկավարին ոչ մի բանով չի զիջել նաև նախկին տեղակալ Սեյրան Առաքելյանը, ով միշտ էլ «գորշ կարդինալի» համբավ է ունեցել: Նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի հետ չհարմարվելու պատճառով նախկին տամոժնիկ, պատմաբան Առաքելյանը ևս հիմնարկում էր տեղավորել իր տանեցիներին: Տղան` Խաչիկ Առաքելյանը, դուստրը` Մարիամ Առաքելյանը, նաև` ազգականներից մեկը «աշխատում» էին ՊՈԱԿ-ում: Նախկին ղեկավարությանն առնչվող հետաքրքիր պատմությունների մասին կազմակերպությունում սկսել են խոսել քրեական գործ հարուցվելուց հետո, երբ տարբեր բաներ են բացահայտվել: Օրինակ մեր զրուցակիցներից մեկը պատմեց զավեշտի հասնող մի բան, որ հուշարձանները պահպանող այս կառույցի նախկին ղեկավարները մի քանի միլիոնի հասնող ջեմ ու մուրաբա են գնել` արտակարգ իրավիճակների պատրվակով: Իրականում, ոչ մեկ ոչ ջեմից է եղել տեղյակ, ոչ մուրաբայից: Թե ոնց է «գնվել», փողը ոնց է «լվացվել» երևի իրավապահները ճշտեն: Այստեղ խոսում են նաև նախկինների ժամանակ հիմնարկից թվով 22 սևանկարի անհետացման մասին: Փաստը պարզվել է վերջերս ֆոնդերում ընդունում-հանձնում կատարելիս: Իրականում, թե երբ են դրանք անհետացել, դժվար է ասել, քանի որ ստուգումներ եղել են նաև անցյալում, բայց բացահայտվել է միայն վերջերս: Այս դրվագը արդեն իրավապահների ուշադրության կենտրոնում է: ՊՈԱԿ-ի նոր տնօրեն Արա Թարվերդյանը դիմել է ոստիկաններին: Եվ զարմանալի պատահականությամբ այս պակասորդի նյութական պատասխանատուն` Ադելաիդա Արսենյանն է, ով Ա. Թարվերդյանի դեմ բողոքողների շարքում է: Դեռ անցյալ տարի մամուլը աղաղակեց տասը կողպեքի տակ պահվող ֆոնդերից 11 անուն արժեքավոր առարկաների անհետացման մասին: Աշխատակիցներն ասում են, հաճախ էին նոր մարդիկ ընդունվում աշխատանքի ու կարճ ժամանակ անց ազատվում, բացի այդ իրավապահներն այդ մասով ստուգումներ անելիս առավոտ լույսը չբացված գրոհել էին ֆոնդերի բաժնի աշխատակիցների տներով: Այս դրվագը առանձին հետաքննության կարիք ունի, որովհետև դրանց մեջ եզակի արժեք ներկայացնող առարկա կա: Մի առանձին թեմա է Գառնին: Այն ինչ մեզ ներկայացրին Գառնի թանգարանի մասով, շատ ավելի հետաքրքիր է: Մեր հետաքննության հաջորդ թեման կլինի Գառնիի տոմսերն ու դրանց վաճառքը: [b]Գագիկ Շամշյան [/b] Հ. Գ. Մեր տեղեկություններով ՊՈԱԿ-ի ներկա ղեկավարությունը նախկին աշխատակիցների զրպարտչական հրապարակումների ու ՊՈԱԿ-ի նախկին ղեկավարության թույլ տված անօրինականությունների առիթով պատրաստվում է համապատասխան փաթեթ ներկայացնել իրավապահներին: Հուսանք, որ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը անարձագանք չի թողնի մեր հրապարակումը:

Նմանատիպ նյութեր