211652_close_icon
views-count17569 դիտում article-date 10:09 18-07-2018

Մարտի 1-ի գործով հարցաքննության հրավիրված Յուրի Խաչատուրովի շքեղ առանձնատունը չի հայտարարագրված․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ում հարցաքննության կանչված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն արդեն մի քանի տարի է՝ վաճառել է Ազատության պողոտայի «գեներալների շենքի» իր բնակարանն ու տեղափոխվել Ջրվեժի իր շքեղ առանձնատուն: Չնայած սրան՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում նշված է, որ Խաչատուրովը հաշվառված է Ազատության պողոտա 9/3 հասցեում: Ջրվեժ թաղամասի երկհարկանի շքեղ առաձնատունը երկար տարիներ է՝ պատկանում է Խաչատուրովներին, սակայն, մեր տեղեկությունների համաձայն, նրանք այստեղ են տեղափոխվել վերջին տարիներին: Յուրի Խաչատուրովի ներկայացրած վերջին հայտարարագրերից որևէ մեկում նշված չէ, որ նա ունի անշարժ կամ շարժական գույք: Դրանց մասին տվյալ չկա նաև Խաչատուրովի կնոջ՝ Սվետլանա Խաչատուրովայի հայտարարագրում: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ այս առանձնատունը Խաչատուրովներին պատկանող միակը չէ: Սա նշանակում է, որ եթե Խաչատուրովներն ունեն առանձնատուն և այլ անշարժ գույք, ապա այդ գույքը ձևակերպած չէ վերջիններիս անուններով: Յուրի Խաչատուրովը 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ զբաղեցրել է Երևանի կայազորի պետի պաշտոնը, ապա 2008 թ. ապրիլի 15-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 2009-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, 2016 թվականի հոկտեմբերի 3-ին նշանակվել է ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար՝ ազատվելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից: Իսկ 2017 թվականի ապրիլի 14-ից զբաղեցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր