211652_close_icon
views-count6346 դիտում article-date 15:18 14-07-2018

Մեկնարկել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված հանրապետական ամենամյա փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված հանրապետական ամենամյա փառատոնը մեկնարկել է մայիսից: Փառատոնի համալիր միջոցառումների ցանկում կկազմակերպվեն էպոսասացության մրցույթներ, որոնց մարզային փուլերի հաղթողները կմասնակցեն էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլին. այն տեղի կունենա 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում: Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումն ու երիտասարդ սերնդի ժամանակակից հետաքրքրությունները՝ 2017 թվականին իրագործված ծրագրի շրջանակում ստեղծվել է «Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ և ժամանցային բջջային հավելվածը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Ուստի 2018 թ. ներկայացված նոր ծրագրով նախատեսվում է ստեղծել «Սասունցի Դավիթ» բջջային հավելվածի անգլերեն տարբերակը՝ Android և IOS համակարգերի համար, ինչը կխթանի միջազգային հարթակում հայկական էպոսի ներկայացմանը: Հիշեցնենք, որ փառատոնը մեկնարկել է 2011 թվականին՝ ՀՀ Արագածոտնի մարզում: 2013 թվականից իրականացվում է հանրապետական ձևաչափով՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը: Փառատոնի նպատակն է պահպանել և տարածել ազգային, ավանդական, հոգևոր և մշակութային արժեքները, նպաստել դրանց ընկալմանն ու գնահատմանը: Հայ ժողովրդական «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» հերոսական էպոսում արտացոլված արժեհամակարգի կիրառումը հնարավորություն է ընձեռում ի հայտ բերել հայ ազգի ինքնության եզակիությունը, ինչի շնորհիվ վառ ընդգծվում է ազգային-հոգևոր մշակույթի, մեր ժողովրդի ազնիվ ու հերոսական կեցության, ազատության, անկախության, միասնականության ու համերաշխության գաղափարը: Փառատոնը կարևորվում է ոչ միայն էպոսի հանրահռչակման, մատաղ սերնդի ազգային ոգով դաստիարակության և հայրենասիրական կրթության առումով, այլև այն հանգամանքով, որ «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» ՀՀ հայտը 2012 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Նմանատիպ նյութեր