211652_close_icon
views-count15398 դիտում article-date 13:44 17-06-2018

Այսօր հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակի հիշատակի օրն է

Հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին, Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է 5 տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսել է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Գերազանց առաջադիմության շնորհիվ ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանուկ հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր փորձերն է անում պոեզիայում։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում Պարույր Սևակ ստորագրությամբ տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչարանք նրա սիրո, կարոտի, մայրական և հայրենասիրական երգերի համար: 1955 թվականին Սևակն ավարտում է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ դասախոսելով, անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները։ 1970թ.-ին Պարույր Սևակն ստանում է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական կոչումը։ 1963թ.-ից մինչև 1971թ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում, 1966թ.-ից դառնում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։ «Աշխարհում լավ բանաստեղծները քիչ չեն, բայց քիչ է թիվն այն բանաստեղծների, ովքեր նոր ակոս են բացում գրականության մեջ և դառնում ժամանակի գեղագիտական մտքի օրենսդիներ: Պարույր Սևակը ընդլայնեց մեր ժողովրդի հոգևոր սահմանները, դուրս բերեց 30 հազար քառ. կմ. տարածությունից և այն դիտեց դարի ու ժամանակի բարձունքներից: Եվ մենք, որ Սեվակի ժամանակիցներն ու հետնորդներն ենք միաժամանակ, այլևս իրավունք չունենք «ատոմային էներգիայի դարում կրակ ստանալ… շփումով»,- ասել է Պերճ Զեյթունցյանը:

Նմանատիպ նյութեր