211652_close_icon
views-count5539 դիտում article-date 11:20 16-06-2018

Հեղափոխության հիմնական նվաճումն այն է, որ այսօր ունենք ընտրության հնարավո­րություն․ Աշոտ Մանուչարյան․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հասարակական, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ հայկական պետականության նավն այս պահին կանգ­նած է։ Այն ոչ մի տեղ էլ չի գնում։ Եվ դեռ կողմնորոշման փուլում է. փորձում է գիտակ­ցել ու հասկանալ, որ ինքն այսօր ազատու­թյան մեջ է։ «Դրսից, ներսից տարբեր խմբեր թեև հիմա էլ կան, բայց առաջին անգամ է, որ նրանք գործոնի կարգավիճակում են։ Այսինքն, կա­րող են ինչ-որ չափով ազդել իրավիճակի վրա, բայց առաջին անգամ է, որ ընտրու­թյունը մերն է։ Բայց դա միայն մի պարագա­յում է հնարավոր, եթե մենք որոշենք, որ մենք ընտրում ենք։ Իսկ հիմա մենք դեռ ձևավորվում ենք, փորձում ենք հասկանալ աշխարհը և այդ աշխարհում տեսնել մեր տեղը։ Այսինքն, հեղափոխության ամենահիմնական նվաճումներից մեկը հենց այն է, որ մենք այսօր ունենք ընտրության հնարավո­րություն»,- ասաց Ա. Մանուչարյանը։ Հարցին, թե ստացվում է, որ առանց կողմ­նացույցի հայտնվել ենք բաց ծովում, և դեռ պետք է հասկանանք՝ ուր գնալ, ինչ անել, բայց արդյոք այդքան ուժ ու ժամանակ ունենք, որպեսզի հանկարծ չհայտնվենք մեկ այլ շնաձկան երախում, քաղաքական գործի­չը պատասխանեց։ «Մենք կողմնացույց ունենք, այն էլ աշ­խարհում լավագույնը, բայց՝ ժամանակին այդ կողմնացույցը գցել ենք մի հեռու տեղ ու հավատացել ենք, որ կան աշխարհով մեկ սփռված քաղաքակիրթ քեռիներ, ովքեր իրենց կողմնացույցներով կասեն մեզ՝ ուր գնալ ու ինչ անել։ Ու չենք էլ հասկացել, որ այդ քեռիներն, ովքեր իրենց կողմնացույցնե­րով դեպի իրենց են փորձել տանել մեր երկի­րը, իրենք վաղուց արդեն կանգնած են եղել կործանման ճանապարհին։ Այսինքն, աշ­խարհում այսօր չկա որևէ կողմնացույց, որը կարողանա ճշգրիտ ցույց տալ, թե ուր պետք է գնան աշխարհի ժողովուրդները։ Եվ այս առումով, շատ կարևոր է հասկանալ, որ այսօր մենք նման ազատություն ենք ստացել որպեսզի վերհիշենք հազարամյակների ըն­թացքում մշակված մեր կողմնացույցի մա­սին, ավանդույթով մեզ հասած կողմնացույ­ցին ավելացնենք մեր դիտարկումները, կամ­քը, միտքը, ճշգրիտ կողմնորոշվենք և կարո­ղանանք անվրեպ շարժվել առաջ»,- ասաց Ա. Մանուչարյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր