211652_close_icon
views-count27022 դիտում article-date 12:11 09-06-2018

Ապրիլյանի հերոսների մասին ներկայացումը հուզեց վարչապետի տիկնոջն ու մշակույթի նախարարին

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում հունիսի 8-ին ապրիլյան պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացումն էր: [url=https://armenpress.am/arm/news/936816.html]«Արմենպրեսի»[/url] փոխանցմամբ՝ Անահիտ Աղասարյանի հեղինակած երկու գործողությամբ դրաման նվիրված է Ապրիլյան քառօրյայի հերոսներին: Ներկայացումը դիտելու էին եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը որդու հետ, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Ներկայացման ավարտին վարչապետի տիկինն անկեղծացավ, որ այն իրեն շատ է հուզել: «Ես, ճիշտ է, խոստացա, որ ներկայացման վերջում կխոսեմ, բայց չեմ կարող ոչ մի բան ասել՝ սա համարեք գնահատական ներկայացմանը»,- նշեց Աննա Հակոբյանը: «Շատ եմ տպավորված՝ հուզիչ էր: Ամբողջ ներկայացման ընթացքում չկարողացա զսպել հուզմունքս , նույնիսկ մի քանի րոպե չէի կարողանում խոսել. թե՛ խաղն էր տպավորիչ, և թե՛ բովանդակությունը: Վերապրեցինք կրկին այդ չորս օրերը»,- անկեղծացավ ՀՀ մշակույթի նախարարը: «Երկար ժամանակ չեմ եղել այսպիսի բեմականացումների որպես դիտորդ, բայց այսօր տեսնում եմ միասնություն: Ժողովուրդների պատմությունը կերտում են ուժով ու մշակույթով: Մշակույթի մեջ է ուժը, որը հավերժացնում է հերոսներին: Մշակույթը պարտավորեցնում է ապագային նայել լիահույս և հավատքով, որ կյանքը շարունակվում է»,- նշեց Սեյրան Օհանյանը: Ներկայացման ռեժիսորն է Լյուդվիգ Հարությունյանը, նկարչական ձևավորումն իրականացրել է Գարեգին Եվանգուլյանը, զգեստների ձևավորումը Լուսինե Խաչատրյանը, իսկ երաժշտական ձևավորումը՝ երգիչ, կոմպոզիտոր Հայկ Հակոբյանը (Հայկո):

Նմանատիպ նյութեր