211652_close_icon
views-count32615 դիտում article-date 16:20 26-04-2018

Լևոն Արոնյան. Միանում եմ բոլորիդ Հայաստանում և սփյուռքում

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին: Ֆեյսբուքի իր էջում նա նշել է. «Մեծ հպարտություն եմ զգում ժողովրդիս համար վերջին երկու շաբաթների իրադարձություններին հետևելով: Ցուցարարների հաստատակամությունն ու քաջությունը, ոստիկանների զգոնությունն ու զսպվածությունը և իշխանության ցուցաբերած իմաստուն և հեռատես քայլը ծաղկուն ժողովրդավարության հիմք են ստեղծում: Կան պահեր, երբ մարդկանց մի խումբ միմյանց հավատալով, ռիսկի է գնում ու հասնում հաջողության, հենց այսպես է հաջողության հասել շախմատի մեր թիմը նաև: Այս պահերին է, որ բոլոր կողմերից պահանջվում է բարձր պատասխանատվության զգացում: Միանում եմ բոլորիդ Հայաստանում և սփյուռքում, և հավատում, որ մեր նպատակներին հասնել կարելի է միայն խաղաղ և արժանապատիվ ճանապարհով: Եկեք զգուշանանք այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել այն ամենը, ինչ մեր ժողովուրդը կառուցել է երկար տարիներ: Այո՛, մենք պետք է ավելին պահանջենք, այո՛, մենք կարող ենք ավելին ունենալ: Սակայն, այնպես ինչպես շախմատում, մեր ջանքերը պետք է լինեն համառ և գիտակից: Առողջ և մրցունակ տնտեսություն, պահանջարկ ունեցող աշխատուժ, օրենքի գերակայություն և հանրային ինստիտուտների ամրապնդումը, կանանց դերի և ազդեցության մեծացում մեր հասարակության մեջ, սրանք այն քայլերն են որոնք բերում են զարգացման: Եկեք քայլենք այդ ուղղությամբ: Անչափ կարևոր է սեփական իրավունքների հաստատումն ու կայացումը սկսել մեր իսկ պատասխանատու վերաբերմունքով: Այն սկսվում է յուրաքանչյուրիս մեկ քայլով՝ մաքուր փողոցներով, կանաչ այգիներով, մաքուր գետերով ու անտառներով: Նման պատասխանատվությամբ կկարողանանք մեր սերն ու երախտագիտությունն արտահայտել մեր երկրին և հողին: Միասին մենք անհաղթ ենք: Աստված օրհնի Հայաստանը», գրել է Արոնյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր