211652_close_icon
views-count15676 դիտում article-date 18:31 15-04-2018

ՀՀ Ոստիկանություն. Հավաքի կազմակերպիչը իր անգործությամբ վտանգել է մասնակիցների կյանքն ու առողջությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է ապրիլի 14֊ին Հանրային ռադիոյի շենքում Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի խումբ անձանց իրականացրած գործողությունների փաստի առթիվ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նախապատրաստել նյութեր՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով։ Նյութերի նախապատրաստման շրջանակներում վերցվել են Հանրային ռադիոյի շենքում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները: Դրանց զննությամբ պարզվել է, որ խաղաղ հավաքի իրավունքը ոմանց համար նշանակում է պետական պահպանության տակ գտնվող ռազմավարական նշանակության օբյեկտ զավթելու հատուկ «օպերացիա»: Մասնավորապես, տեսանյութում հստակ երևում է, որ նշված շինության զավթմանը նախորդում է օբյեկտի նախնական «հետախուզումը», պայմանական նշաններով միմյանց հետ հաղորդակցվելը, այնուհետև՝ խմբակային ներխուժումը պահպանվող օբյեկտ: Ներխուժողների համար որևէ զսպող նշանակություն չունեցավ անգամ այն հանգամանքը, որը շենքը գտնվում էր ոստիկանական պահպանության ներքո: Ավելին, անտեսվեց ոստիկանության ծառայողների օրինական պահանջը՝ շենքը մուտք չգործելու վերաբերյալ: Այսպես կոչված «խաղաղ հավաքի» մասնակիցներից ոմանք, որոնց ինքնությունն արդեն իսկ ճշտված է, հաղթահարված համարելով ոստիկանության ծառայողների դիմադրությունը, չխորշեցին անգամ ոտքի հարվածներով ջարդել շենքի դռներից մեկը՝ նյութական վնաս պատճառելով ընկերությանը: Ի դեպ, ոստիկանության ծառայողները շինության պահպանությունն իրականացնելիս են եղել մարտական զենքով: Հավաքի կազմակերպիչը իր անգործությամբ ուղղակի վտանգել էր երիտասարդների կյանքն ու առողջությունը, քանի որ ոստիկանության ծառայողները բոլոր հիմքերն ունեին ենթադրելու, որ պահպանվող օբյեկտի վրա կատարվում է խմբակային հարձակում: Այս հանգամանքն օրինական հիմք էր թե զենքը մերկացնելու, թե ոստիկանության ծառայողին որոշակի հեռավորությունից չմոտենալու պահանջ ներկայացնելու, և թե զենքի գործադրման մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելու համար, ինչը կարող էր հանգեցնել ողբերգական հետևանքների, եթե չլիներ ոստիկանության ծառայողի զսպվածությունն ու պրոֆեսիոնալիզմը: Նյութերի նախապատրաստման փուլում ծանուցումներ են ուղարկվել դեպքին առնչվող բոլոր անձանց՝ ոստիկանություն ներկայանալու և բացատրություններ տալու նպատակով: Գործի քննության ընթացքի վերաբերյալ հետագայում կներկայացնենք լրացուցիչ տեղեկություններ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր